«Երևի ոմանց դուր չեկավ այստեղ». 30 տարի առաջ 3000 բնակիչ ունեցած Ձյունաշողում այսօր 30 ընտանիք է ապրում

Նախկինում ժամանակներ էին, հիմա՝ ակնթարթներ, ասում է 72-ամյա Նադեժդա Մկրտումյանը, ում 32 տարի առաջ Լոռու մարզի Ձյունաշող գյուղն իսկական դրախտ է թվացել։ Մի կողմում կակաչներով պատված սարերն էին, մյուս կողմում` լճակը։

«Նախկինում գյուղը շատ գեղեցիկ էր, շքեղ ուղղակի։ Թեև ադրբեջանցիներ էին այստեղ ապրել, բայց ոչ մի ավերված տուն չկար, անգամ քանդված գոմ չկար։ Հետո ամեն ինչ քարուքանդ եղավ», - ասաց Մկրտումյանը։

Ձյունաշողը Հայաստանի միակ գյուղն էր, որի բնակիչ ադրբեջանցիները Ադրբեջանի հայաբնակ Քերքենջ գյուղի մոտ 250 ընտանիքների հետ պայմանավորվել էին ու մի մարդու նման փոխանակել տները։ Ձյունաշողում մնացած ազատ տներում հաստատվել են Բաքվից ու այլ բնակավայրերից տեղահանված հայերը, այդ թվում՝ Նադեժդա Մկրտումյանն իր երկու դուստրերի հետ։ Գյուղը ակտիվ էր, զարգացած, մարդիկ՝ շատ։ Մասնագիտությամբ բուժքույր Նադեժդան հատ առ հատ ճանաչում էր գյուղի բոլոր 3000 բնակիչներին։

«Ես այստեղ եկա որպես բուժքույր։ Ոտքի տակ էի տալիս ամբողջ գյուղը։ Բոլորին անուններով գիտեի։ Բայց հետո սկսեցին հեռանալ, փախչել այստեղից։ Չգիտեմ, երևի ոմանց դուր չեկավ այստեղ», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

30 տարի առաջ 3000 բնակիչ ունեցած գյուղում այսօր 30 ընտանիք է ապրում։ Հարյուրավոր աշակերտներ ունեցած դպրոցում՝ 15 երեխա սովորում։ Ոտքի կոտրվածքի պատճառով դժվարությամբ է տեղաշարժվում տիկին Նադեժդան, բայց ասում է՝ այսօր էլ սիրով հյուր կգնար իր հարևաններին։ Միայն թե ցավով է նշում, որ ամբողջ փողոցում ինքն արդեն մենակ է մնացել. «Այստեղ մի կին է ապրում՝ գյուղի վերևում։ Նա գալիս է ներքև՝ գոմը մաքրելու։ Իրար բարևում ենք։ Եթե բան է պետք լինում, ասում եմ ու վերջ։ Մյուսներն այնքան զբաղված են, ամբողջ օրը գործերի մեջ։ Աչքները բացում են՝ գոմ, ամբողջ օրը վազում են այստեղ-այնտեղ, իրիկունն էլի՝ գոմ, հետո տուն։ Ոնց պետք է իրար տուն գնան։ Էդ առաջներում էին միմյանց հյուր գնում, հարևանություն անում... Չգիտեմ, այսպես չեմ կարող։ Ես սովոր եմ մարդկանց հետ շփվել ու վերջ»։

Գրպանում արդեն խունացած մի հին գրատետր ունի, որտեղ նշված են բոլոր մոտիկ ու հեռու բարեկամները։ Հատ առ հատ զանգում է բոլորին, որպիսություն հարցնում, այդպես կարոտն առնում։

Ձյունաշողում ձմեռը ցրտաշունչ է։ Հատուկենտ տաք օրերին նստում է պատշգամբում, մեջքն արևին անում, մինչև գարուն կգա ու էլի խոտաբույսեր կհավաքի։ Տանն իր սիրած թեյն անպակաս է։ Ասում է՝ Ձյունաշողն իսկական առողջարան է. «Ահա այսպիսի երեք մեծ տարաներ։ Ինձ հերիքում է ամբողջ տարին...»

Տեղի իշխանավորները վստահեցնում են, թե նկատել են Ձյունաշողի առավելություններն ու այս տարի լուրջ ծրագրեր են անելու գյուղն իսկական հանգստի գոտի դարձնելու համար։ Բայց մինչ այդ բռնի գաղթ տեսած ձյունաշողցիների բոլոր աղոթքները խաղաղության մասին են։ «Պատերազմը չի կարող մշտական ու անվերջ լինել։ Ի վերջո՝ այսօր, թե վաղը, խաղաղություն է հաստատվում», - նշեց Նադեժդա Մկրտումյանը։