Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6200 նոր դեպք

COVID-19 հիվանդության զոհ դարձած քաղաքացու դին Բեհեշթ-Է-Զահրա գերեզմանոցում, Թեհրան, արխիվ

Իրանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 6 հազար 200 նոր դեպք:

«Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 միլիոն 367 հազար 32-ի», - ասել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

Նրա փոխանցմամբ, անցած մեկ օրում մահացել է 69 մարդ: Ընդհանուր հաշվով կորոնավիրուսի համավարակի ընթացքում մահացել 57 հազար 294 հիվանդ, ապաքինվել է 1 միլիոն 158 հազար 475 մարդ:

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաղթահարել է կորոնավիրուսի երրորդ ալիքը:

Այս տարվա հունվարի 8-ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին ասել է, որ Իրանն արգելում է կորոնավիրուսի դեմ ամերիկյան և բրիտանական արտադրության պատվաստանյութերի ներմուծումը:

Փոխարենն Իրանը մտադիր է մինչև մարտի վերջ պատվիրել հնդկական, չինական և ռուսական արտադրության վակցինայի 2 միլիոն դեղաչափ: Բացի այդ, Իրանի մասնագետները նաև սեփական արտադրության պատվաստանյութ են ստեղծում, հուսալով, որ այն պատրաստ կլինի այս տարվա գարնանը: