Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական Սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել հայրենի հողում սեփական ապագան կառուցելու նպատակ ունեցող տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա: Նա շեշտել է, որ միայն համահայկական ջանքերի միջոցով է հնարավոր լինելու վերականգնել ու զարգացնել Արցախը, և այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ու համակարգված աշխատանքը պարտադիր պայման է:
Զարեհ Սինանյանն իր հերթին նշել է, որ ինչպես միշտ, արցախահայությունը միայնակ չէ, և կենսական նշանակության բոլոր խնդիրների լուծման գործում համապատասխան միասնական աշխատանքներ են իրականացվելու:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամներ, պաշտոնատար այլ անձինք: