Ավելի քան երկու ամիս է անցել 44-օրյա պատերազմից, և միայն հիմա է իր հետ պատահածի մասին հանգիստ պատմում Ոստիկանության ներքին զորքերի ծառայող Արսեն Մկրտչյանը․ - «Որ արդեն հոսպիտալում էի, որ հարցնում էին բժիշկները, ասում էին պատմի մի բան, չէի կարողանում պատմեի․․․ մի քանի պատմում էի, սկսում էի լացել արդեն։ Հետո քիչ-քիչ անցավ»։
28-ամյա Արսենին փրկարարները գտել էին պատերազմի ավարտից 5 օր անց՝ համարյա անգիտակից, վիրավոր ու ցրտահարված։ Արսենը Ոստիկանության ներքին զորքրերում պայմանագրային զինծառայող է։ Սեպտեմբերի 29-ին ողջ զորամասով շարժվել են դեպի Արցախ, սկզբում Քարվաճառում էին, նոյեմբերի 2-ից՝ Շուշիում։ Այստեղ էլ վիրավորվել է կոնքի ու ծնկի հատվածում։
Արսենի հիշելով, ինքը վիրավորվել է նոյեմբերի 5-ին, նրա դասակի հրամանատարն սակայն պնդում է, որ խմբից շատերը, նաև Արսենը 7-ին են վիրավորվել։ Ներքին զորքերի այս զորամասից 39 հոգի զոհվել է նույն հատվածում, Շուշիի մատույցներում։
Հրամանատար Սևադա Հայրապետյանն ասում է․ - «20 մետրի վրա, ճակատ-ճակատի պատերազմ էր։ Կրակը տարբեր կողմերից էր, թե՛ մեր կողմից, թե՛ իրանց կողմից։ Ու չէիր հասցնում տենայիր ով վիրավորվեց, ով զոհվեց․․․»
Խումբը նահանջել է դեպի անտառ, կրակի տակ կորցրել են միմյանց։ Արսենը մնացել է վիրավոր, մենակ ու փորձել է Շուշիից սողալով իջնել, հասնել Լիսագորի անտառ․ - «Մի զինվոր տեսավ, որ արյունահոսում եմ, ժգուտ տվեց, ոտս կապեցի։ Ուզեցավ ինձ օգներ, բրոնիից բռնեց, որ քաշի, էն էլ ցավերը անտանելի էր։ Ասեցի թող, չեմ կարա․․․ մի կերպ համոզել եմ, որ ինքը գնա»։
Օրեր շարունակ, արյունահոսող վերքերով սողացել է դեպի ներքև, իր կարծիքով՝ մոտ 9 կիլոմետր․ - «Ոչ մի բանի մասին չէի մտածում, ապրելու ոչ մի հույս չունեի։ Ուղղակի տաքանալու և ջուր խմելու ցանկությունն էր ստիպում առաջ շարժվել։ Վեց օր ջուր չէի խմել, մինչև հասել եմ գետի մոտ։ Երեք օր մնացել եմ գետի մոտ քարի վրա․․․»
Օրումեջ անձրև էր, զինվորական ձմեռային հագուստը թրջվել-ծանրացել էր։ Որպեսզի շարժվել կարողանա, հանել թողել էր անտառում..․ Երեկոյան կողմ, ասում է, ադրբեջանցիների ձայներն էի լսում, փնտրում էին ողջ մնացած հայերի, խաբում էին հայերենով․ - «Գոռում ա, թե վիրավոր եմ, բայց ձայնը գնալով մոտիկանում ա, ինքը նորմալ քայլելով գալիս ա։ Գոռում ա՝ ես հայ եմ, վիրավոր եմ ու առաջանում ա։ Էդ ընթացքում արդեն ես քիչ-քիչ խորացել եմ անտառի մեջ»։
Քանի օր է այսպես անցկացրել․․․ ավելի քան մեկ շաբաթ։ Արսենն ասում է՝ նորից ծնվելուս ամսաթիվն արդեն հիվանդանոցում իմացա, նոյեմբերի 14-ն էր․․․ Երբ հեռվից երեք զինվորականների է տեսել, մտածել է՝ արդեն մեկ է հայեր են, թե ադրբեջանցիներ, ձայն տամ՝ կփրկվեմ երկու դեպքում էլ ․ - «Ադրբեջանցին էլ խփեր՝ փրկվում էի, հայ լիներ՝ փրկվում էի»։
«Հա՞յ եք», - մի կերպ գոռացել ու երբեք չի մոռանա իր վիրավոր մարմնին վազքով մոտեցած զինվոր-փրկարարին՝ հոկտեմբերյանցի Կարենին․ - «Ասեց՝ տուն խոսացե՞լ ես, ասեցի՝ չէ։ Ասեց՝ համարը ասա։ Ախպորս համարն եմ ասել, հավաքել ա, եղբորս հետ խոսացել եմ, ասել եմ, որ տանում են հոսպիտալ։ Էդ ժամանակ ձենս էլ էր փոխված, եղբայրս չէր հավատում, որ ես էի, անընդհատ հարցեր էր տալիս, որ համոզվեր։ Երկուսիս մեջքին էլ նույն տեղը խալ կա։ Հարցնում էր՝ ի՞նչ կա իմ մեջքին, որ քո մեջքին էլ կա․․․»
Հետոն արդեն պաշտոնական հաղորդագրությունում էր՝ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ողջ մնացած ոստիկանության ծառայող։
Արսենի վիրավորումները լավանում են, բայց ոտքերը ցրտահարվել են անդառնալի․ - «Ուզեցել են ոտերս ընդհանրապես կտրեն, կոճի հատվածից։ Բժիշկ Հակոբյանն ա պահել»։
Մի ոտնաթաթը հեռացվել է, մյուսը՝ մասամբ։ Երկու օրից նորից զինվորական հոսպիտալ է գնալու, պլաստիկ վիրահատությամբ բժիշկներն այնպես են անելու, որ փրկված Արսենը նաև քայլի և շարունակի ծառայությունը ներքին զորքերում։
Ընտանիքում, եղբորից բացի, ոչ ոք տեղյակ էլ չի եղել, որ Արսենը Քարվաճառից Շուշի կրակի տակ է, ապա վիրավորների, հետո էլ անհետ կորածների ցանկում է։
Կինը՝ Գայանեն ժպտում է՝ վատ բան չի մտածել ոչ մի օր։ Արսենի հայրն էլ ոչինչ չի իմացել։ Նա հիմա էլ որդու դժվար պատմության պատառիկներ ծառայակիցների հետ զրույցներից է լսում։
«Ես հիմա փառք եմ տալիս Աստծուն, որ էրեխես էս վիճակում էկել ա, իմ կողքին ա։ Ուղղակի մեր ջահել էրեխեքը․․․ պտի չըլներ էս բանը, թող բոլորն էլ գային հասնեին տուն․․․»