Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը․ Փաշինյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ ծրագրերով, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Վարչապետն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո ձևավորված իրավիճակին՝ դրա առնչությամբ կարևորելով Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը:

Ըստ վարչապետի գրասենյակի, Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում:

Բելառուսի դեսպանը կարևորել է տարածաշրջանային կայուն իրավիճակի պահպանումը և նշել, որ Բելառուսը պատրաստակամ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ՝ ընդգծելով մեծ ներուժի առկայության հանգամանքը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին: