Երվանդ Քոչարի թանգարանը յուրահատուկ միջոցառում է պատրաստել մաեստրոյի հիշատակի օրվա կապակցությամբ

Երվանդ Քոչարի թանգարանը մշտապես աչքի է ընկնում նորանոր  ուշագրավ ցուցադրություններով։ Հերթականը վաղը՝ հունվարի 22-ին բացվող նոր ցուցադրությունն է։

«Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է, և մենք մշտապես ամեն տարի մի յուրահատուկ միջոցառում ենք նախատեսում այդ օրվա համար։ Ինչպես գիտեք, բոլորս էլ մեր ժամանակներում մի քիչ այլ տրամադրություն ունենք, բայց միևնույն ժամանակ հավատում ենք մաեստրո Քոչարի այն խոսքերին, որ պատերազմը, ռումբերը և թնդանոթները անցողիկ են, իսկ գեղարվեստը՝ մշտնջենական։ Կարծում ենք, որ այժմ էլ պետք է շարունակել արարել և մտածել, որ, ինչպես ասում էր Քոչարը՝ ոչ մի ճիգ չի կորչելու, ամեն ինչ իր տեղն է գտնելու, և որոշ ժամանակ անց կարդարանան մեր բոլոր երազները», - «Ազատության» հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

Նա հիշեցրեց, որ Երվանդ Քոչարը հավատում էր, որ հայերը կարող են ունենալ մի փոքր, զարգացած պետություն, որտեղ կապրի իր մեծ հայ ազգը:

«Հունվարի 22-24-ը ժամը 18-20-ի հատվածում հրավիրում ենք բոլորին թանգարան, և այս մի քանի օրերի ընթացքում մենք կցուցադրենք քոչարյան ուղերձներով ստեղծված մի տեսաֆիլմ, որը ներկայացնում է նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների մի ընտրանի, որոնց ամբողջությունը Քոչարը անվանել էր «Փշրանքներ»։ Ինչո՞ւ փշրանքներ։ Որովհետև կյանքը կերել է հացը, և մնացել են միայն փշրանքները։ Այսպես էր բացատրում հենց մաեստրոն։ Ասեմ նաև, որ այդ ուղերձները ներկայացվում են մեր երկրում հավատարմագրված դեսպանների կատարմամբ, ասենք՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ղազախստանի, մեր մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող մարդկանց և Քոչարի երկրպագուների կատարմամբ։ Իսկ որ ավելի պատկերավոր և հետաքրքիր դառնան երեկոները, մենք դրանք ուղեկցելու ենք Քոչարի ստեղծագործությունների լուսային պրոեկցիաներով։ Առավել մանրամասներ չէի ուզենա հայտնել, որպեսզի յուրաքանչյուրն այցելի և ինքը վայելի քոչարյան արվեստի հմայքը։ Իսկ մենք կանենք հնարավորը՝ բոլորին և յուրաքանչյուրին հաճելի պահեր պարգևելու համար», - նշեց Կարինե Քոչարը։

Հարցին, թե սրդյոք այս տարի թանգարանը նախատեսում է հրատարակել Վարպետի ողջ գրական–ստեղծագործական ժառանգությունն ամփոփող մի գիրք-ալբոմ, թանգարանի տնօրենը պատասխանեց․ - «Դա ֆինանսական մեծ աջակցություն է պահանջում։ Մենք տարեցտարի փորձում ենք ինչ-որ մի բան ավելացնել տպագրական կամ թարգմանչական գործերի հետ կապված։ Բայց որպեսզի ասեմ, որ այս տարի մենք կհրատարակենք ինչ-որ մի ամբողջական ալբոմ․․․ Հուսով եմ։ Բայց դեռ չկան դրա նախադրյալները։ Տարբեր ֆորմատի ինչ-որ բաներ կհրատարակվեն, բայց այն ալբոմը՝ նշանակալի և շատ հետաքրքիր, առայժմ ոչ»։