Առողջապահության նախկին փոխնախարար, ծնունդով գյումրեցի Հովհաննես Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում ամենայն հավանականությամբ կնշանակվի Շիրակի մարզպետի պաշտոնում։ Համապատասխան որոշումն արդեն իսկ գործադիրի նիստի օրակարգում է։
Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Հարությունյանի ուշադրության կենտրոնում պատերազմից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված շիրակցիների խնդիրն է լինելու, վստահեցրեց մարզպետի թեկնածուն։
«Ամենակարևոր խնդիրն այս պահին Շիրակի մարզի գերիների խնդիրն է, իսկ մնացած մյուս խնդիրները Շիրակի մարզում դեռևս մնում են ակտուալ, որոնք ունեն լուծման կարիք, այնպես որ դրանք ո՛չ ինձ համար, ո՛չ Ձեզ համար նորություն չեն՝ սկսած անօթևանների խնդրից, շարունակելով մարզի սոցիալտնտեսական վիճակը, քաղաքաշինական բոլոր խնդիրները», - «Ազատությանը» փոխանցեց Հովհաննես Հարությունյանը։
33-ամյա Հարությունյանը հետհեղափոխական շրջանում է նշանակվել առողջապահության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով գրեթե կես տարի, մինչ այդ նախարարի խորհրդականն էր։
Նա մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ է։ Թե ինչո՞ւ է Հարությունյանն ազատվել փոխնախարի պաշտոնից, մամուլում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում, այդ թվում՝ իբր այն կապված է նրա հորն առնչվող քրեական գործի հետ։ Հարությունյանը, պատճառաբանելով ուշ ժամը, երեկ շատ կարճ պատասխանեց միայն իր ապագա ծրագրերին վերաբերող հարցին։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը։ Պետորսյանն անցած շաբաթավերջին էր ազատման դիմում ներկայացրել, թե ի՞նչ պատճառով, մարզպետարանից հայտնել էին՝ Պետրոսյանն այդ մասին կհայտնի, երբ գործադիրը հաստատի նրան պաշտոնից ազատելու որոշումը։