Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցում մի շարք հարցերի պատասխաններ չկան

Ավելի քան մեկ տարի առաջ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության դեմ սկսված բողոքի ալիքի ֆոնին` Ազգային ժողովում ձևավորված Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը այսօր խորհրդարանին ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ 13 էջանոց զեկույցը։

Չնայած հանձնաժողովի հենց անվանման մեջ կարդում ենք «Ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով», զեկույցում այս հարցերի պատասխանները չկան:

Հանձնաժողովի նախագահը՝ ընդդիմադիր ԲՀԿ-ից ընտրված, այժմ ոչ մի խմբակցությունում չընդգրկված Սերգեյ Բագրատյանը դժգոհ է պատկան մարմիններից, ասում է` հանձնաժողովի հետ պատշաճ կերպով չեն աշխատել. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության ընթացքում որոշակի խնդիրներ ունեցավ պատշաճ և ժամանակին տեղեկատվության ստացման հետ, որի պատճառով բավականին դանդաղեց հանձնաժողովի գործունեությունը, և որոշ հարցերում հնարավոր չդարձավ տարբեր ծրագրերի ամբողջական գործունեության գնահատումը»:

Հնարավորությունների չափով ուսումնասիրվել են Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Թեղուտի, Սոթքի և Մղարթի հանքավայրերի հետ կապված հարցերը: Հանձնաժողովն արձանագրել է, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում:

Եզրակացություն բաժնում հնչեցրած առաջարկներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ընդհանուր որակեց` պարզաբանելով` ցանկացած այլ թեմայով զեկույցի առաջարկներ բաժնում դրանք հնարավոր էր տեղադրել. «Ապագա, մի բան, որը կոնկրետ արված կա, ձեր առաջարկների փաթեթում չենք նկատում: Հիմա խոսեցիք, ասում եք` հաշվետվությունները ֆինանսական արժանահավատ չեն: Առնվազն նման պնդում անելու համար այդ հաշվետվությունները, որոնք աուդիտի են ենթարկվում, մենք դրանում պետք է էական կամ խեղաթյուրող որևէ փաստարկ գտնենք»:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Գրված է` «որևէ ընկերություն նշված ընկերություններից շահութահարկ չի վճարում: Սա պետք է ձեզ համար հիմք հանդիսանա որպես տնտեսագետի, որ նշանակում է` արժանահավատ չի կարող լինել, որովհետև դուք կամ ես, կամ որևէ ընկերություն չի կարող տարիներ շարունակ աշխատել շահույթ չունենալով, առնվազն nonsense է այս փաստը: Երկրորդ փաստը, որ դուք` որպես տնտեսագետ, պարտավոր եք գիտակցել. եթե այս ընկերությունները, բացի «Լիդիան Արմենիայից» ցուցակված չեն միջազգային հարթակներում, սա նշանակում է` թափանցիկություն չկա, և դրա համար էլ աշխատանքները գնահատում ենք ոչ արժանահավատ»:

Բագրատյանը նաև օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն է տեսնում, օրինակ` աշխատանքից հեռացնել այն պաշտոնյաներին, ովքեր կհրաժարվեն ներկայանալ հանձնաժողովի հրավերով: ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն օրինակ, ասաց, այդպես էլ ոչ մի նիստի չի մասնակցել։ Իսկ հանձնաժողովի կատարած հարցումներին ի պատասխան` ՊԵԿ-ը ուղարկել է մաքսային սահմանը հատած ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի բացվածքը, Բագրատյանի խոսքով, այդպես էլ չի պարզաբանվել ՊԵԿ-ի կողմից. «Բարձրաստիճան պաշտոնյան արհամարհի քննիչ հանձնաժողովը, մենք ի՞նչ կարող ենք պահանջել մասնավոր ընկերության ղեկավարներից, որոնք ասում են` մենք պարտավորություն չունենք որևէ ինֆորմացիա ձեզ տրամադրելու և չենք տրամադրում: Մենք պետք է մեխանիզմ գտնենք, որով պարտավորեցնենք, որ իրենք տրամադրեն, իհարկե պահելով նաև առևտրային գաղտնիքի ինստիտուտը»:

Հանձնաժողովի անդամ, իմքայլական Բաբկեն Թունյանը խոստովանում է` հանձնաժողովը ձախողել է իր աշխատանքները: Պատճառը կարծում է` նաև այն է, որ հանձնաժողովը ստեղծվել էր մեկ հանքարդյունաբերող ընկերության դեմ:

Նկատենք, հանձնաժողովը ստեղծվել էր իրավունքի ուժով` ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության առաջարկով:

«Սա մեզ համար թող դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողով ստեղծելն ինքնանպատակ չլինի, որ հաջորդ անգամ մենք մեր ուժերը բավարար գնահատենք ու տեսնենք` եթե մի բանը կարողանալու ենք անել, մտնենք դրա տակ, եթե չենք կարողանալու անել, ավելի լավ է` սկզբից իզուր սպասումներ չձևավորենք ու չասենք` մենք այս ամեն ինչն անելու ենք, որովհետև դա ոչ միայն ռեսուրսների վատնում է, այլև Ազգային ժողովի հեղինակությանը լուրջ հարված է հասցնում», - նշեց Թունյանը:

Հանձնաժողովի նիստերին հրավիրված բնապահպան Նազելի Վարդանյանն այս պատկերը հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի թերացման արդյունք է համարում. «Մենք ակնկալում էինք, որ ունենալով այդպիսի բարձր ատյանի կողմից ստեղծված հանձնաժողով` մենք բավականին շատ բացահայտումներ կունենայինք, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում խախտումների բացահայտումներ, և այլ մտահոգությունները մեր կփարատվեին, սակայն այդ ամփոփիչ եզրակացությանը ծանոթանալով` տեսնում ենք, որ շատ բան չի բացահայտվել: Չնայած հենց այդ բացահայտվածի հիման վրա էլ կարելի է եզրահանգումներ անել, բայց դա կարծում եմ` պայմանավորված է հանձնաժողովների անդամների պասիվությամբ»:

Հրապարակված զեկույցի տակ չեն ստորագրել հանձնաժողովի 11 անդամներից 6-ը: