Հադրութի, Մեխակավանի և Որոտանի շրջաններում որոնողական աշխատանքների արդյունքում երեկ հայտնաբերվել է 8 աճյուն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) որոնողական աշխատանքների արդյունքում՝ երեկ հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որոնցից մեկը քաղաքացիական անձ է։ Վերջինիս ինքնությունը պարզ է, Հադրութի բնակիչ է։ Հարազատները ճանաչել են նրան անձնական իրերից և հագուստից։ Աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքից։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեց ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ երեկ որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ուղղություններում։

Այսօր 5 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Հադրութի, Կովսականի (Զանգելան) շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում:

Նոյեմբերի 13-ից ի վեր, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ: