Այվազյանն ու Լավրովը քննարկել են ռազմագերիների վերադարձին առնչվող հարցեր

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի, հաղորդում է հայկական կողմը: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:

Հայաստանի արտգործնախարարը Լավրովի ուշադրությունն է հրավիրել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա: