ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց եռակողմ հայտարարությանն ու ստեղծված իրավիճակին առնչվող ԼՀԿ-ի նախագիծը

Խորհրդարանը չի քննարկի նոյեմբերի 10-ի եռակողմ փաստաթղթի իրավաչափությանն ու ստեղծված իրավիճակին, դրանից դուրս գալու ելքերին առնչվող հարցերը։ «Լուսավոր Հայաստանի» նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մինչ նախագծի քվեարկությունը հայտարարեց՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային իրավունքի խախտմամբ՝ սպառնալիքով կնքված փաստաթուղթ է: Միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց` մինչ այս պահը 9 կետից միայն մեկն իրականացված չէ` ռազմագերիների վերադարձը։ Սիմոնյանը կոչ արեց արեց հերթական առիթն օգտագործել հարցը խորհրդարանական ամբիոնից բարձրացնելու համար։

«Ընդգծելու համար ռազմագերիներին պատանդ պահելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը, որը հանցագործություն է Ադրբեջանի կողմից և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ անելու հնարավոր լծակներն օգտագործել, որպեսզի վերադարձնենք Ադրբեջանին դեպի նորմալ, միջազգային իրավունքի պահպանման միջավայր», - ասաց նա:

Ազգային ժողովը նախ լիազորություն, ապա նաև ընթացակարգ չունի ընդդիմադիր խմբակցության առաջարկած հարցի իրավաչափությունը խորհրդարանում քննարկելու, պարզաբանեցին իշխող «Իմ քայլից»։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հիշեցրեց՝ իշխանությունը պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար ճանապարհային քարտեզ է ներկայացրել, բոլոր քաղաքական ուժերին էլ առաջարկել է քննարկել այդ քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումը, եթե նման ցանկություն կա։ Ավելին՝ առաջարկվել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկում։

«Ի՞նչ է անում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ասում է` դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում, և հետևաբար ձեր առաջարկը, որքան էլ որ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, այս իմ շարադրածով կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանը, այլ հակառակը` լարվածության էսկալացմանը», - ասաց Մակունցը:

«Տիկին Մակունցն ի՞նչ է ասում, ասում է` քանի որ առաջին կետում գրված է, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետևաբար մենք չենք կարող մնացած կետերն էլ դրա հետ քննարկել: Ես առաջարկում եմ ընդունել օրակարգ, դուք եկեք ասեք, որ չպիտի հեռանա վարչապետը, շարունակենք քննարկումը: Ի՞նչ կա դրա մեջ, առաջին կետն այդքան ահասարսուռ կե՞տ է, որ զուտ դրա պատճառով դուք ուզում եք տապալել այս նախագիծը», - արձագանքեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Իշխող ուժը նաև դեմ էր օրակարգում ներառել «Լուսավորի» մեկ այլ նախագիծ։ Դրանով առաջարկվում է դրամական աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված կամ անհետ համարվող պարտադիր, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների, կամավորների ընտանիքներին, պետական նպաստ՝ գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց ընտանիքներին։ Նախագիծը չընդգրկվեց օրակարգում։ Իշխող ուժից հիմնավորեցին, թե այդ խմբի քաղաքացիների համար արդեն իսկ սահմանված են սոցիալական ապահովության երաշխիքներ։

Իսկ «Լուսավոր Հայաստանն» էլ խնդիր է տեսնում կառավարության առաջարկած նախագծերում։ Ընդդիմադիր խմբակցությունից Անի Սամսոնյանը, անդրադառնալով հակակոռուպցիոն դատարան ու վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու վերաբերյալ նախագծին, հայտարարեց՝ դրանով ոչ թե կնվազի կոռուպցիան, այլ կծաղկի՝ հենց դատական համակարգում. «Դուք ինքներդ, ես վստահ եմ, դուք ինքներդ անկեղծորեն դժգոհ եք ձեր իսկ կատարած դատական բարեփոխումներից, բայց դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ, որոնք խնդիրը չեն լուծելու, բայց ավելի են խոչընդոտներ ստեղծելու և խորացնելու դատական համակարգի պրոբլեմները»:

«Պարոն Բադասյան (արդարադատության նախարար-խմբ.), չեմ կարող չհամաձայնել գործընկերոջս հետ, որ այս փոփոխություններն ամբողջությամբ կոսմետիկ բնույթ ունեն, և հատկապես թվակազմը, հույս ունեմ, որ առաջիկայում կհրապարակվեն նոր տվյալներ` այդ թվակազմը, այդ փոփոխություններն ամբողջությամբ, պետք է ասել, որ կլանային շահերի պաշտպանության պարագայում չի ապահովելու անհրաժեշտ մեծամասնությունը: Եվ սա շատ մտահոգիչ է», - ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Պարոն Բաբաջանյան, Դուք, ինձ մոտ տպավորություն է, որ գիտեք արմատական փոփոխությունների ճանապարհը և բանալին, բայց ինձնից թաքուն եք պահում, խնդրում եմ` թաքուն մի պահեք, ներկայացրեք այդ արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզը», - արձագանքեց Բադասայանը:

Արդարադատության նախարարը ներկայարցեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան առնվազն 25 դատավորով, որից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բնռագանձման քաղաքացիական հայցերը։ Իսկ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի համար նախատեսվում է առնվազն 10 դատավոր նշանակել։

Դատավորների թիվը վերջնական չէ, նշեց արդարադատության նախարարը։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջինից մինչ երկրորդ ընթերցում նախագիծը կարող է փոփոխվել։