Նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից, տեղեկացնում է նախագահի գրասենյակը։
Արմեն Սարգսյանը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։
Ըստ հաղորդագրության, ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։
Հանրապետության նախագահը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, հունվարի 13-ին տեղափոխվել է հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, երկկողմանի թոքաբորբով։
Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Վիրահատությունից հետո նրա մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել, նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակում էր հեռավար։
Օրեր անց նախագահի գրասենյակը հաղորդեց, որ մեկուսացման մեջ գտնվող Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, նա բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը, վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահը կվերադառնա Երևան։