ԱԺ-ն մերժեց օրակարգ ընդգրկել «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարության նախագիծը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Ձայների 37 կողմ, 76 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովը մերժեց 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկել Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարության նախագիծը:

Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հայտարարելով, որ ցանկանում է բանակցել «Իմ քայլը» խմբակցության հետ։

Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագիծն օրակարգ մտցնելուն։

«Իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ պատերազմից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված։ Առաջարկվել է նաև բոլոր քաղաքական ուժերին ցանկության պարագայում քննարկել այդ ճանապարհային քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումը կամ նպաստը, եթե նման ցանկություն լինի։ Իսկ ընդդիմության կողմից հնչեցվող թեզին, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ և այդ առումով քայլերի հերթականություն մշակել։ Հիմա «Լուսավոր»-ն ասում է՝ «եկեք այդ ամենը դնենք մի կողմ, եկեք քննարկենք մեր նախագիծը՝ մեր օրակարգով», էդպես չի լինում, հետևաբար ձեր առաջարկը, որքան էլ պնդեք որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, իմ շարադրածով կարելի է եզրակացնել, որ հակառակը՝ ձեր գործողությունները միտված են լարվածության էսկալացմանը, ուստի «Իմ քայլը» դեմ է քվերակելու օրակարգը մտցնելուն»։

Մարուքյանն արձագանքեց․ - «Սահմանադրության ներսում եղած գործողությունները մերժում եք դուք՝ «Իմ քայլը» դաշինք, ի՞նչ եք դուք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները։ Ձեր այս քվերակությամբ դուք սահմանադրական հունը փոխում եք՝ հանում եք հունից»: