Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, Ադրբեջանը փաստացի անտեսում է ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցները

Ցավոք սրտի, Եվրոպական դատարանը ուղղակիորեն չի կարող պարտավորեցնել պետությանը՝ վերադարձնել գերեվարված անձանց, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանն ընդգծեց՝ Եվրոպական դատարանն իր իրավասության շրջանակներում կոնկրետ կիրառում է միջանկյալ միջոց Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանից ավելի հրատապ մեխանիզմ, ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, գոյություն չունի։

«Նախևառաջ պարտավորեցնում է ներկայացնել ապացույց-տեղեկատվություն, թե արդյոք այդ անձինք իր մոտ առկա՞ են, թե՞՝ չէ, ում մասին, մենք որպես պետություն դիմել ենք, ինչպես նաև պարտավորեցնում է ներկայացնել ապացույցներ այդ անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ընդհանուր պահման վիճակի մասին։ Նաև իր միջոցներով սովորաբար դատարանը պարտավորեցնում է պետությանը ներկայացնել այն քայլերի ամբողջությունը, որը ձեռնարկում է Եվրոպական դատարանը գերիներին վերադարձնելու ուղղությամբ, այս պահի դրությամբ գերիների փոխանակման ուղղությամբ», - ասաց Կիրակոսյանն՝ ընդգծելով․ - «Ցավոք սրտի, էս ուղղությամբ արագությամբ քննելու մեխանիզմ չենք կարող նախատեսել, ամենաարագ միջոցը հենց էս միջանկյալ միջոցն է, որը մենք արդեն կիրառում ենք, դրանից ավելի հրատապ մեխանիզմ գոյություն չունի»։

Հարցին, թե Ադրբեջանն անտեսո՞ւմ է այդ միջանկյալ միջոցները, Կիրակոսյանը պատասխանեց․ - «Փաստացի այո, իրենք շատ հաճախ են անտեսում դրանք, և հատկապես վերջին ամիսների ընթացքում, երբ որ մենք պատերազմի հենց սկզբից փորձեր ենք անում Ադրբեջանի նկատմամբ պարտավորեցնող միջոցներ կիրառելու, Ադրբեջանը հիմնականում համագործակցող չի էս դաշտում։ Դա է պատճառը, որ մենք ստիպված ենք և բազմիցս ենք շեշտել դատարանին՝ արդեն վաղուց ժամանակն է, որ հարցի քննարկումը տեղափոխել ավելի քաղաքական հարթակ, ինչը Նախարարների կոմիտեն է։ Այնտեղ առավել ակտիվ և այսպես ասած, նաև ներառական առումով՝ մյուս անդամ պետություններին ներգրավվելով, փորձել ավելի հստակ ու առարկայական քննարկում ունենալ, թե ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով Ադրբեջանը չի ցանկանում, ինչո՞ւ է հրաժարվում և այլն՝ այդպիսով ավելացնելով քաղաքական ճնշումը կոնկրետ պետության նկատմամբ։ Սա հիմնական ուղղությանն է, որի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են։ Ամեն դեպքում եթե նույնիսկ հիմա չի համագործակցում, սա ակնհայտ հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված 34-րդ հոդվածի խախտման վկայող հանգամանք, փաստ, որը անհատական դիմումատուի իրավունքները խախտող գործողություններ են, և որը, վստահ եմ, գնահատականի կարժանանա հետագայում՝ գանգատի ներկայացումից հետո, երբ որ քննարկվի Ադրբեջանի վարքագիծն այդ ուղղությամբ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Նշենք, որ 190 հայ գերիների վերաբերյալ դիմումներ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հայաստանը շարունակում է նոր դիմումներ ուղարկել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Մինչև այժմ, սակայն, պաշտոնական Բաքուն միայն 40 հոգու գերեվարման փաստն է հաստատել։ Վերջին օրերին Ադրբեջանն ակտիվ շրջանառում է թեզերը, թե գերեվարվածները ահաբեկիչներ են, դիվերսանտներ։