Թալիշ-Մատաղիս հատվածից հայտնաբերված երկու զինծառայողի դի ադրբեջանական կողմը երեկ երեկոյան փոխանցել է հայկական կողմին։ Նրանց ինքնությունը կճշտվի ԴՆԹ անալիզներից հետո, «Ազատությանը» փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Մարմիններն անճանաչելի են։ ԴՆԹ թեստի միջոցով պետք է պարզեն նրանց ինքնությունը: Երեկ որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեր հարավային շրջանում, դա Ֆիզուլի, Հադրութ, Ջաբրայիլ ուղղություններն են, բայց քանի որ Ալիևների ընտանիքը եկել էր Շուշի այդ ճանապարհով, այդ ուղղությամբ որոնողական աշխատանքը դադարեցվել էր: Այսօր վերսկսվել է 4 ուղղությամբ՝ 5 ջոկատով, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ և Շուշի հատվածներում է այսօր իրականացվում», - ասաց Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս 1232 մարմին է հայտնաբերվել։ Վերսկսված աշխատանքները հույս են տալիս այն ծնողներին, ում որդիները դեռ անհետ կորածների ցուցակում են։
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքի, Ադրբեջանում գտնվող գերիների ինքնության ճշտման ու բազմաթիվ այլ հարցեր վարչապետին ուղղելու հնարավորություն ունեին անհետ կորածների, զոհվածների ու գերիների ծնողները, ում վարչապետը ընդունեց Կառավարության շենքում։ 3 ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում ծնողները իրենց հուզող ոչ բոլոր հարցերի պատասխաններն են կարողացել ստանալ։
«Թոռս, շրջափակման մեջ լինելով, ընկերոջ հեռախոսով զանգել են, օգնություն են խնդրել, որ սնայպերներով իրենց վրա կրակում են, օգնության էլ չեն գնացել: Պաշտոնյաների երեխաներին խմբերով են գնացել հանել, գնացել են օգնության, բայց էդ երեխաներին թողել են անտերության՝ թե թշնամին սպանել է, թե թաքնվել են անտառներում, դիմացել են, թե չեն դիմացել», - ասաց հավաքվածներից մեկը:
Ինչ վերաբերում է գերիներին, նրանց մասին քննարկում տեղի չի ունեցել վարչապետի հորդորով, ասում են ծնողները. «Հարցը ուղղվեց՝ դրական փոփոխություն կլինի՞, սայլը տեղից շարժվո՞ւմ է, ինքն ասաց՝ այո, գործողությունը կատարվում է: Գերիների մասին ընդհանրապես չի խոսացվել, էդ հարցը էլ իր մոտ չենք տվել»:
Մինչ անհետ կորածների ու գերիների ծնողների հետ հանդիպումը, առավոտյան վարչապետը հանդիպել էր նաև մի խումբ ժամկետային զինծառայողների ծնողների հետ, ովքեր պահանջում են պատերազմ տեսած իրենց զավակներին ժամանակից շուտ զորացրել։ Շատերը առողջական խնդիրներ ունեն, իսկ ծառայության մեջ լիարժեք բուժում ապահովել չի ստացվում, ինչի հետևանքով վիճակն ավելի է բարդանում, պարզաբանում են ծնողները։ Շատ զինծառայողներ էլ հոգեբանական խնդիրներ ունեն, և այդ հոգեվիճակով սահման պահել չեն կարող։ Ժամկետայիններին փոխարինել պայմանագրային զինծառայողներով՝ սա է ծնողների առաջարկը վարչապետին։
Առաջարկները Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին։ Վարչապետի հետ հանդիպել է 7 ծնողից կազմված խումբը։
«Եկանք մենք համաձայնության վարչապետի հետ ևս մեկ անգամ հանդիպելու մոտակա ժամանակները՝ իրան մեր կողմից [ուղղված] հարցերի պատասխանները ստանալու», - ասաց ծնողներից մեկը:
Լրատվամիջոցների համար այսքանը։ Ավելին ասել չցանկացան։ Արդեն ծնողներով առանձին քննարկելու հարցեր կային, կադրից դուրս էին ուզում մնալ, լրատվամիջոցներին հորդորում էին չնկարահանել։
Ժամկետայինների ծնողները տեղում չքննարկված հարցերը պայմանավորվեցին ֆեյսբուքյան հատուկ բացված խմբում քննարկել։ Հաջորդ հանդիպումն էլ վարչապետի հետ, ամենայն հավանականությամբ մեկ շաբաթից կկայանա։