2021-ը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի, շեշտում է վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը, հայտնում են կառավարությունից:

Ըստ Փաշինյանի` 2020 թվականը, այդ թվում` տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով, և 2021 թվականը լինելու է տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: «Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով: Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները:

Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր: