Լարս փակ է, ռուսական կողմում կուտակված է100 բեռնատար ավտոմեքենա

Մեքենաները Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Ըստ հաղորդագրության, Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։

Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղում է ձյուն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:

Նախարարությունը նաև նշում է, որ Հայաստանի արտգործնախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: