Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մեկ օրով դադարեցնել Հայաստանում բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: Որոշում է կայացվել հունվարի 13-ի ժամը 23-ից 24-36 ժամով ընդհատել գազալցակայանների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:
Լրատվամիջոցներից ու ծանոթ-բարեկամներից գազալցակայաններում գազամատակարարման դադարեցման մասին լուրը լսելուց հետո, վարորդները գազալցակայաններ էին շտապել։
«Մինչև էրեկ մինչև ժամը 10-ը հերթ է եղել, ժամը 10-ից գազը կտրել են», - «Ազատությանն» ասաց մի վարորդ։
Մեքենան լիցքավորել ոչ բոլորն են հասցրել։ Շատերն էլ անտեղյակ, այսօր գազալցակայն հասնելուն պես մուտքն արգելող նշաններին են հանդիպել։
«Բնականաբար, որ գազ չկա, պիտի բենզինով վարենք», - ասաց տաքսու վարորդներից մեկը։
Մյուսն ասաց, թե բենզինով վարելու դեպքում 200 դրամով կթանկացնի մինիմալ ուղեվճարը։
Հունվարի 13-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունն էլ զգուշացրել էր սպառողների շրջանում գազի ու էլեկտրաէներգիայի հավանական անաջատումների մասին։
Փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր «Ազատությանն» ասաց․ - «Որևէ անջատում մինչ այս պահը չի եղել։ «Գազպրոմ Արմենիան» մեզ նաև տեղեկացրել էր, որ հնարավոր է՝ կախված սպառման իրավիճակից, դադարեցվի Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։ Կամ համապատասխան ճնշում հնարավոր չլինի ապահովել, որպեսզի Երևանի ՋԷԿ-ը աշխատի։ Մենք անվտանգության նկատառումներից ելնելով Երևանի ՋԷԿ-ը իջացրել ենք, մինիմալ վիճակում ա աշխատում ինքը»։
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ, գազի բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը մոտ 725 հազար է: Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 քաղաքային և գյուղական համայնքներում։ Վթարավերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը առաջացել էր խողովակում առկա խցանման հետևանքով, ինչը պատճառ էր դարձել հունվարի 9-ից գազի թողունակության անկման։
Տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանի փոխանցմամբ՝ տեղանքը հայտնաբերվել է, աշխատանքների մեծ մասն էլ արդեն արված է․ - «Հնարավոր էր միգուցե գազալցակայաններն էլ չանջատել, բայց մենք չգիտեինք պլանավորելուց առաջ, թե ինչքան կտևի աշխատանքը։ Պլանավորված էր, որ 24 ժամ պետք ա տևի աշխատանքը, բայց երբեմն լինում ա չէ՞, որ ավելի երկար ա տևում։ Ես շատ հուսով եմ, գրեթե համոզված, որ աշխատանքը 24 ժամ էլ չի տևելու, շատ ավելի կարճ ա տևելու»։
Ավելի ուշ, պարզաբանմամբ հանդես եկավ նաև «Գազպրոմ Արմենիան»՝ հաղորդելով, որ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ։
Ձմռանը բնական գազի սպառման օրական ծավալները կազմում են 12–13 մլն խ.մ., մինչդեռ ստորգետնյա կայանից բնական գազի թողունակության ծավալների տեխնիկական հնարավորությունը օրական կազմում է սպառման ծավալների կեսը՝ առավելագույնը 6 մլն.խ.մ., ուստի սահմանափակումները հարկադրված էին։ Ժամանակավորապես ընդհատելով գազալցակայանների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, հնարավոր է եղել ապահովել բնակչության և այլ սպառողների գազամատակարարումը։ Նախկինում վերականգնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ամռան ամիսներին, երբ գազի սպառման ծավալը շատ ավելի փոքր է եղել։