Ջհանգիրյանը կընդունի ԲԴԽ անդամի թեկնածու դառնալու «Իմ քայլ»-ի առաջարկը, եթե ի վերջո այդպիսի առաջարկ լինի

Նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված, իսկ 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանը կընդունի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու դառնալու «Իմ քայլ»-ի առաջարկը, եթե ի վերջո այդպիսի առաջարկ լինի։ Այդ մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ, բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում։ Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։ Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն էլ այսօր ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելու», - ասաց Ջհանգիրյանը՝ շարունակելով՝ ԲԴԽ-ի մեծ մասն իր ուսանողներն են, իր կոլեգաներն են․ - «Ես այնտեղ որևէ վատ մթնոլորտ չեմ տեսնում»։

Երեկ հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանը կարող է դառնալ ԲԴԽ անդամի՝ իշխանական «Իմ քայլ»-ի թեկնածու։ Իշխանական պատգամավորներն այսօր հանդիպում են Ջհանգիրյանի հետ, հանդիպումից հետո կորոշեն՝ արդյոք ուզում են, որ Ջհանգիրյանը լինի ԲԴԽ անդամի իրենց թեկնածուն։

Ըստ որոշ հրապարակումների, Գագիկ Ջհանգիրյանը իշխանությանը խոստացել է դատական համակարգը «բուռը հավաքել»։ Նախկին զինդատախազն այսօր այսպես արձագանքեց․ - «ԲԴԽ-ն կազմված է 10 անդամներից 5 դատավոր, 5 իրավաբան, ես ունեմ մեկ ձայն, գնում եմ բուռս հավաքեմ, ես ոչ այդպիսի բան հայտարարել եմ, ոչ էլ ասել եմ»։