ԱԱԾ նախկին տնօրենի համար անհասկանալի է, թե պատերազմը չկանգնեցնելով իշխանությունները ինչ նպատակ են հետապնդել

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյան

Պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Միքայել Համբարձումյանը իր պաշտոնից հրաժարվելու պատճառներից մեկը համարում է այն հանգամանքը, թե ինչու պատերազմը շուտ չի դադարեցվել։ Եվ սա պարագայում, երբ ԱԱԾ-ն ու Պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցել են կորուստների, խնդիրների ու հեռանկարի մասին։ Այս մասին նա ասել երեկ 5-րդ ալիքին տված ծավալուն հարցարզույցում։

«Ինչո՞ւ պատերազմի հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում: Ոչ թե զինադադար չի հայտարարվում, որովհետև դա տեսնում ենք, ֆիզիկապես չի լինում, չի պահպանվում, այլ զուտ պատերազմի ընթացքը չի կասեցվում, և չեն սկսում արդեն բանակցային պրոցես», - ասել է նա։

Համբարձումյանն ընդգծել է, որ իր համար անհասկանալի է, թե իշխանությունները պատերազմը չկանգնեցնելով ինչ նպատակ են հետապնդել․ - «Ո՞ւր ենք մենք գնում։ Վերջը ո՞ւր ենք հասնելու։ Ստեփանակե՞րտն ենք կորցնելու, թե՞ արդեն հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, որ նոր գանք հասնենք էդ կետին, որ պետք ա պատերազմական գործողությունները կասեցվեն կամ ավարտվե՞ն։ Ահա էս ամբողջի համակցությունն է, որ իմ մեջ նման որոշում կայացնելու ցանկություն առաջացավ»։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը և հեռանկարը՝ ցույց տալով, որ պարտության են գնում։ Համբարձումյանը նշել է, որ նիստի ընթացքում առաջարկվել է դադարեցնել ռազմական գործողությունները․ - «Նույն կարծիքին էր նաև Տոնոյանը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ով նույնպես ներկա էր էդտեղ։ Ներկա էին նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Աբովյան Արմանը և Էդմոն Մարուքյանը։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ դրանից հետո նման որոշում չկայացվեց»։

ԱԱԾ-ն ընդամենը մոտ մեկ ամիս ղեկավարած Համբարձումյանն իր հարցազրույցում հիշեցրել է, որ այդ օրերին այդպիսի առաջարկ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հետագայում մանրամասնել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը համաձայնել է, հրաժարվել է Փաշինյանը։

Պատերազմի դադարից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, թե հայկական կողմն է դիմել Ռուսաստանի նախագահին ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցով, ինքը հրավիրել է ԱԽ նիստ ու հայտնել պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին լուրը։

Մինչդեռ այդ նիստին մասնակցած Միքայել Համբարձումյանի պնդմամբ՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին ինքը ծանոթ չի եղել, և այն քննարկման առարկա չի դարձել․ - «Այդ կոնկրետ առաջարկությունների մասին երբ ես տեղեկացա, իսկ տեղեկացա ոչ թե վարչապետից, այլ իմ գործընկերներից, բնականաբար, իմ համար զարմանալի էր, թե ինչու չենք գնում մենք էդ քայլին, ինչն ա մեզ խանգարում։ Ինչի ենք ուշացնում, ոչ թե խանգարում։ Չէ՞ որ դա էր միակ պատերազմը կանգնեցնելու, քիչ մարդկային, տարածքային կորուստներ տալու միակ ռեալ»։

«Ազատությունը» կապ հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, ով ասաց, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է պատերազմը չդադարեցնելու հանգամանքների մասին։ «Մենք պատրաստ ենք ցավոտ զիջումների, սակայն ոչ կապիտուլյացիայի», - ասել էր վարչապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կապիտուլյացիա էր ուզում, այլ ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում։

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով ռուսական առաջարկին՝ ավելի քան մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ ըստ առաջարկված պայմանների, ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին ոչ թե ԼՂԻՄ սահմանով, այլ այդ ժամանակ եղած շփման գծով, երբ Հադրութն ու Թալիշն ադրբեջանական վերահսկողության տակ էին։ Հրադադարի մյուս պայմանը ադրբեջանցի փախստականների վերադարձն էր Շուշի։

Ըստ Փաշինյանի, սա հրադադարն անհնարին դարձրեց, քանի որ այդ պարագայում Շուշիի բնակչությունն 90 և ավելի տոկոսն ադրբեջանցի պետք է լիներ, որոնք կվերահսկեին Ստեփանակերտ տանող ճանապարհը։

Միքայել Համբաձրումյանի խոսքով, եթե պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործադրած ջանքերը և ցուցաբերած օգնությունը չլինեին, հետևանքները շատ ավելի վատը կլինեին հայերի համար։ Այդ ընթացքում հարևաններ Իրանն ու Վրաստանը, ըստ Համբարձումյանի, շատ հավասարակշռված պահվածք են դրսևորել՝ իրավիճակը ճիշտ գնահատելով․ - «Չեմ կարող փակագծեր բացել, խոսել, ասել, ներկայացնել։ Իրավունք չունեմ։ Բայց ամեն դեպքում կարող եմ փաստել, որ Հայաստանը մենակ չի եղել, Հայաստանը Ձեր կողմից նշված պետություններից տեսել է հավասարակշռված պահվածք, մոտեցում»։

Համբարձումյանը ևս կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ինչից հետո ընտրություններ կազմակերպվեն։