Հայաստանի օմբուդսմենի դիտարկումները ցույց են տալիս, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի սահմանամերձ հատվածներում իրականացվող սահմանային ճշգրտման աշխատանքներն ընթանում են մարդու իրավունքների խախտումներով։
Արման Թաթոյանի ղեկավարած աշխատանքային խումբը Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում ծանոթացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ բնակավայրերում ստեղծված իրավիճակին։
Օմբուդսմենը շեշտում է, որ տեղորոշման աշխատանքներն իրականացվում են մեխանիկորեն, ինչի հետևանքով, օրինակ, Սյունիքում, բնակիչների համար վտանգներ են ստեղծվել․ - «Սյունիքի մարզի Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը գիտեք որ ամենաշատը քննարկված դեպքերից է և ճանապարհով բաժանված է այսպես կոչված երկու մասի՝ ադրբեջանական և հայկական։ Եվ, օրինակ, Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է պարզապես երկու մասի։ Սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»։
Թաթոյանն անդրադառնում է պնդումներին, թե որոշ բնակավայրերում ճշգրտման իրաշխատանքներն իրականացվել են գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառությամբ, այնինչ, այլ քարտեզով արդյունքը բոլորովին այլ կլիներ։ Օրինակ՝ մի քանի քարտեզներում Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը, ամբողջությամբ ներկայացվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Թաթոյանն օրինակ է բերում խոշորացված Շուռնուխ գյուղը․ - «Մենք տեղում իրականացրեցինք ուսումնասիրություն։ «Գուգլը» մասնավոր կազմակերպություն է, ճի՞շտ է։ Մենք օգտագործեցինք նաև այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներ, օրինակ՝ «Ափլ» հեռախոսով, «Յանդեքս» քարտեզը, «Մեփս․մի» քարտեզը, որոնք այս տարածքները, գյուղը ամբողջությամբ ցույց են տալիս որպես հայկական։ Ընդ որում, նաև հարցն այն է, որ, ինչպես վկայում են բնակիչները, ինչպես վկայում են համայնքային մարմինները, նաև ադրբեջանական կողմն էլ է հենց այդ քարտեզով իրականացնում գծանշումները և ընդհանրապես այդ բաժանումներն իրականացնում։ Եվ այդպես ստացվել է, որ մենք ճանապարհի տարբեր հատվածներով ունենք, ցավոք սրտի, այդ խնդիրը»։
Հայաստանի օմբուդսմենն ասում է՝ Սյունիքում Գորիսից Որոտանով, Շուռնուխով դեպի Կապան տանող ավտոճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածի 21 կմ, այս պահի հաշվարկով, ադրբեջանական վերահսկողության տակ է, ճանապարհների որոշ հատվածներում ծածանվում է ադրբեջանական դրոշը, շրջում են զինված ադրբեջանցիներ, սա արդեն սպառնալիք է հայաստանցիների նկատմամբ։
«Գորիսից դեպի Որոտան տանող ճանապարհահատվածի ցուցանակն է ամենաբացահայտն այդ առումով, որ քարտեզի վրա ոչ միայն դրված է՝ «բարի գալուստ Ադրբեջան», այլ նաև քարտեզն անգամ այնպես է ցուցադրած, ես կարծում եմ, որ դա հատուկ նպատակով է արված, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքի առանձին մարզեր, ըստ էության, իրենք ներկայացնում են որպես Ադրբեջանի մաս», - նշեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Թաթոյանը վկայակոչում է 44 օր ձգված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի ռազմական հանցագործությունները գերիների, խաղաղ բնակիչների նկատմամբ։ 7-8 տարեկան երեխաները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են, մտահոգվում է մարդու իրավունքների պաշտպանը։
Օմբուդսմենը շեշտում է՝ պատերազմի հետևանքով հատկապես սահմանային շրջաններում ստեղծված խնդիրների վերաբերյալ պետական մարմինները որևէ հստակ պարզաբանում չեն տալիս բնակիչներին։ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ այսօր սահմանային ճշգրտման հարցով քննարկում է ունեցել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարության հետ՝ փորձելով հստակություն մտցնել այս հարցում։ Թե ինչ փաստաթղթերով են ճշգրտվում սահմանները, որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։
«44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով իր հոդվածում վարչապետը անդրադարձել էր Շուռնուխի դեպքերին և նշել՝ եթե տարածքներն առանց պատերազմի հանձնվեին, ապա պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում, իսկ այս կերպ՝ ավարտվել է հենց Շուռնուխի մատույցներում։
Սահմանների ճշգրտումներն իրականացվում են նաև խորհրդային տարբեր քարտեզներով։ Շուռնուխի համայնքապետը, մինչդեռ, ասում է՝ անցած ամսում գյուղի 12 տուն, Հայփոստի շենքն ու համայնքին պատկանող երկու շինություն անցան ադրբեջանական վերահսկողության տակ, բայց այդպես էլ ադրբեջանական կողմը ուշադրություն չդարձրեց իրենց ձեռքի տակ եղած քարտեզներին, որոնցով Շուռնուխն իր ողջ տարածքով հայկական է համարվում։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ մարդիկ հիմնականում հասցրեցին իրենց գույքը հանել տներից։ Այժմ տեղավորվել են գյուղի դատարկ տներ կամ Գորիս։
«Ոչ ոք ոչ մի քարտեզ մեզ ցույց չի տալիս, ոչ էլ մեր քարտեզներն են նայում, իրենք իրենց սարքավորումը GPS-ի, որը կցված է Google-ին, դրանով են առաջնորդվում», - ասաց Շուռնուխի համայնքապետը։
Մարդու իրավունքների պաշտպանը անվտանգային հարցերից բացի, նաև ուշադրություն է հրավիրում Գորիսից Կապան ավտոմայրուղու խնդրին։ Կան չպարզաբանված հարցեր, օրինակ, եթե Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածում հայաստանցին վթարի ենթարկվի կամ հանցագործություն տեղի ունենա՝ ո՞ր երկրի իրավապահներն են զբաղվելու դեպքի քննությամբ։