Բաքուն հաստատում է՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը ողջ է և գտնվում է Ադրբեջանում

Անի Նաջարյան՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանի քույրը, արխիվ

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը ողջ է և գտնվում է Ադրբեջանում, Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը տարեվերջին է տեղեկացել՝ Ադրբեջանը վերջապես պատասխանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դիմումին:

«Ինքը Բաքվում է, ողջ է և իրեն սնունդ են տալիս», - ասաց​ Անի Նաջարյանը:

«Ազատությունը» դեկտեմբերի 1-ին էր անդրադարձել երկու լիբանանահայերի՝ Մարալ Նաջարյանի ու Վիգեն Էուլջեքյանի գերեվարման հանգամանքներին։ Նրանք իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին ու գերեվարվել։ Օրեր անց Վիգեն Էուլջեքյանին, որ տաքսիստ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք էր առաջադրվել, իսկ Մարալ Նաջարյանի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար։ «Ազատության» այդ տեսանյութի կադրերն օգտագործելով այժմ էլ Ադրբեջանը Մարալին է ներկայացնում որպես պատերազմի մասնակից:

«Բաքվի հեռուստատեսությունը ցույց է տալիս, որ Վիգենը և Մարալը իբր պատերազմի գնացած երկու անձ են՝ Լիբանանից եկած կռվելու, Արցախն ազատագրելու», - նշեց Մարալի քույրը:

Պաշտոնական Բաքուն երկու լիբանանահայերի մերձավորարևելյան ծագումն օգտագործում է նրանցից ռազմական գործողություններին մասնակիցներ կերտելու համար, վստահ է Անին։

«Ուզում են, որ ժողովուրդն իմանա, որ մենք էլ ենք վարձկան բերում, այսինքն Հայաստանն էլ է վարձկան բերում, որ ինքն էլ Հայաստանի վրա դա անի, ինչպես մենք են իրենց ասում՝ դուք վարձկան եք բերում, [իրենք էլ ասեն] Հայաստանն էլ է վարձկան բերում Լիբանանից, բայց բոլորը հայ են, Մարալն էլ է հայ, Վիգենն էլ է հայ, մնացածնել էլ են հայ՝ լինի լիբանանահայ, ամերիկահայ կամ կանադահայ, բոլորը հայ են», - նշեց Անին:

Անի Նաջարյանը պատմում է՝ քույրը Բեյրութի պայթյունից հետո Հայաստան՝ խաղաղ կյանքի հետևից էր եկել և պատերազմից օրեր առաջ երկուսով հաստատվել էին Բերձորում՝ Արցախի կառավարությունը նրանց համար տուն էր նախապատրաստել այդտեղ: Այս տեղեկությունը հաստատում է նաև Մարալի բեյրութաբնակ եղբայրը: Վարդան Նաջարյանն էլ էր պատրաստվում քույրերից հետո այստեղ՝ Հայաստան գալ:

Նոյեմբերի 11-ին Վիգենն ու Մարալը ճանապարհվել էին դեպի Բերձոր, Մարալի իրերն այդտեղ էին, Վիգենինը՝ Շուշիում, Անին չի բացառում, որ փորձել են Շուշի մտնել ու գերեվարվել:

​Այժմ՝ թեպետ Բաքուն հաստատում է, որ Մարալ Նաջարյանն իրենց մոտ է, բժշկական փաստաթղթեր դեռևս չի ներկայացրել Ստրասբուրգի դատարանին: Մարալի ու Վիգենի վերաբերյալ դատարանին միջանկյալ միջոց կիրառելու դիմում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր ներկայացրել։ Նա տեղեկացրեց՝ բացի հաստատումից, Բաքուն դատարանի որևէ այլ տվյալ չի տրամադրել, թեև պարտավոր էր:

«Մենակ էն հանգամանքը, որ իրենք հաստատում են այդ անձանց ներկայությունն իրենց մոտ, բայց ավելի մանրամասն ինֆորմացիա չեն տրամադրել, չնայած, որ պետք է տրամադրեին», - ասաց Կիրակոսյանը:

Բերձորի ճանապարհից անհետանալուց հետո Մարալի լիբանանում ապրող հարազատները նրա ֆեյսբուքյան էջից թուրքերենով նամակներ են ստացել: Այժմ էլ գեղեցկադեմ կնոջ նկարի տակ քիչ չեն ադրբեջանական մեկնաբանությունները:

«Թուրքերը մտնում են այդ քոմենթների մեջ ու ասում են, որ շատ գեղեցիկ աղջիկ է, ինչու պետք է թուրքը նրան ձեզ տա», - նշեց Անի Նաջարյանը:

«Մեր ընտանիքը, բոլորս լիբանանում ենք մեծացել և թուրքերեն էլ գիտենք», - ասում է Անին, որ տագնապ ունի, թե մի օր էլ Մարալին լրտեսության մեղադրանք կուղղեն: «Որ դատապարտեն, ասեն, որ բոլորը ահաբեկիչ են, պիտի դատապարտենք, ուրեմն իմ քույրը պիտի չգա», - նշեց նա:

«Քույրս միայն խաղաղ կյանք էր երազում», - կրկնում է Անին՝ ամեն վայրկյան սպասելով նրա վերադարձին։ Երկու ամիս գերության մեջ գտնվող Մարալին Կարմիր խաչն էլ տեսակցելու հնարավորություն չի ստացել:

«Մինչև այսօր Կարմիր խաչը չի կարողացել տեսնել Մարալին: Մենք այնտեղ դեռ երեք կին գերի ունենք, ինչո՞ւ են կանանց պահում այնտեղ, ո՞ւր է մեր կառավարությունը. վարչապետը լինի, ամբողջ անձնակազմը լինի, որ այս գործով զբաղվում են»​, - ասաց Անի Նաջարյանը:

190 հայ գերիների վերաբերյալ դիմումներ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ շարունակում են նոր դիմումներ ուղարկել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: «Ընթացիկ դիմումներ պատրաստվում են այս պահին մի քանի հոգու համար​ ևս, եթե կարողանում ենք ապացույցներ գտնել, որոշակի շեմ հայտարարել, փորձում ենք դիմել», - նշեց Եղիշե Կիրակոսյանը:

Մինչև այժմ, սակայն, պաշտոնական Բաքուն միայն 40 հոգու գերեվարման փաստն է հաստատել։ Վերջին օրերին Ադրբեջանն ակտիվ շրջանառում է թեզերը, թե գերեվարվածները ահաբեկիչներ են, դիվերսանտներ, Խծաբերդի մարտական դիրքերից գերեվարված պահեստազորայիններն այս թվում: «​Դա պարզ է՝ նորից փորձ է Ադրբեջանի կողմից խոչընդոտելու պրոցեսը, դանդաղեցնելու, օգտագործելու պրոցեսն այլ երևի որոշ նպատակներով​», - նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Ստրասբուրգի դատարանում Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց՝ պատրաստվում են իրավական նոր գնահատականներ ուղարկել ՄԻԵԴ: Ըստ Կիրակոսյանի, Ադրբեջանի իշխանությունները գերիների վերաբերյալ փաստերը կամ խեղաթյուրում են կամ թաքցնում, բացահայտ արհամարհում են իրավական գործընթացներն ու Եվրոպական դատարանի որոշումները։