Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա, տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ըստ Գևորգյանի, ժամեր անց կմեկնարկի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։
Նշենք, որ այսօր նախատեսված է նաև Վլադիմիր Պուտին- Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև առանձին երկկողմ հանդիպումներ ևս։
Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա կարճատև է, օրվա երկրորդ կեսին նա կվերադառնա Երևան։
Եռակողմ բանակցությունները կայանալու են Կրեմլում։ Նախատեսված է նաև երեք ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ճաշ։
Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ բանակցությունների օրակարգում է նոյեմբերի10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։
Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին, նշված է Կրեմլի տարածած հայտարարությունում։