«ԱՐԻ»-ն 2020-ին փորձել է առավել լսելի դարձնել հայ ժամանակակից գրականության ձայնը արտասահմանում

Լուսանկարը «ԱՐԻ»-ի ֆեյսբուքյան էջից

3 տարի առաջ հիմնադրված «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր տնօրեն Արևիկ Աշխարորյանի հավաստիացմամբ` չնայած 2020 թվականի բոլոր բարդություններին, իրենց գրական գործակալությունը ջանք չի խնայել` լսելի դարձնելու հայ ժամանակակից գրականության ձայնը արտասահմանում: Չէ՞ որ դա հենց «ԱՐԻ» գրական գործակալության հիմնական նպատակն է՝ հայտնաբերել տաղանդավոր ուժեր գրական դաշտում և թարգմանաբար ներկայացնել նրանց արտասահմանցի ընթերցողին:

Անցյալ տարի աշխատել են շատ ակտիվորեն՝ օգտագործելով նաև զանգվածային լրատվամիջոցների ընձեռած հնարավորությունները՝ արտասահմանյան մամուլում հրատարակելով հայ հեղինակների պատմվածքներն ու հոդվածները:

«Մեր մի քանի գրողների համար դա շատ հետաքրքիր փորձառություն էր, շատ կարևոր բան էր, որ մենք բացահայտեցինք, օրինակ` պատերազմի օրերին հրատարակեցինք երկու գործ մի քանի լեզուներով աշխարհով մեկ, հենց պատերազմի մասին գործեր: Դրանցից մեկը Արամ Պաչյանի «Պատերազմ. ողջ, թե մեռած», մյուսը Նարինե Կռոյանի «Միաչքանի հրեշտակ» պատմվածքն էր, որոնք անգլերեն, իսպաներեն, անգամ թուրքերեն, ռուսերեն փորձեցինք հրատարակել: Մեծ մասը հաջողությամբ, մնացածը շուտով լույս կտեսնի:

Մի պահ ուժեղ կոնսոլիդացիա եղավ թարգամնիչների շրջանակում, որոնք կամավոր ցանկացան այդ գործն անել: Ասացին` ինչ նյութ կա, եկեք թարգմանենք, փորձենք հրատարակել: Դա շատ կարևոր էր, որովհետև մենք հասկացանք, որ մեր ձայնը լսելի չէ, մեզ չեն ճանաչում: Մենք ունենք մի քանի գրքեր մի քանի երկրներում հրատարակած, այո, բայց արդյոք դա բավարար է, իհարկե, ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասում է Աշխարորյանը` հավելելով, որ 2021 թվականին այս գործունեությունն առավել ակտիվ են ծավալելու. «Մենք պիտի տարածենք մեր միտքը, կարծիքը, մեր գրական միտքը, գիտական միտքը և ընդհանրապես մեր պատմությունը»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել ստորև.

Your browser doesn’t support HTML5

«ԱՐԻ»-ն 2020-ին փորձել է ավելի լսելի դարձնել հայ ժամանակակից գրականության ձայնը արտասահմանում