ԵՄ 13 երկրներ դիմում են միությանը՝ օգնելու պատվաստանյութ ձեռք բերել Արևելյան գործընկերության երկրներին

Եվրամիության անդամ 13 երկրներ միացյալ նամակով դիմել են ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով աջակցել Արևելյան գործընկերության երկրներին պատվաստանյութերի ձեռքբերման հարցում։ Այս մասին Թվիթերում հայտնում է Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։

«Հավատացած ենք, որ մեր սահմաններն անվտանգ չեն լինի, եթե չընդլայնենք մեր աջակցությունը մեր անմիջական հարևաններին, եթե նրանք ցանկություն հայտնեն», - ասված է համատեղ հայտարարության մեջ, որը հասանելի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին։

Արևելյան գործընկերության անդամ 6 երկրներում, որոնց թվում է Հայաստանը, Covid-19-ի համավարակի տարածումից ի վեր ընդհանուր առմամբ ավելի քան 2 միլիոն վարակակիր է գրանցվել, մահացել է 33 հազար մարդ։

Դեկտեմբերի վերջին Եվրամիությունը 70 միլիոն եվրո հատկացրեց ԵՄ գործընկեր բալկանյան պետություններին օգնելու նպատակով։

«Եվրամիությունը պետք է ավելին անի, քան ընթացիկ նախաձեռնություններն են, և համանման ուշադրություն ու աջակցություն տրամադրի ԵՄ մյուս հարևաններին՝ Արևելյան գործընկերության անդամ երկրներին, նրանց ցանկության դեպքում», - հայտարարությունում ընդգծել են նախարարները։

Դիմումը համահեղինակել են Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Շվեդիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Այս ցանկի երկրներից 4-ը՝ Վիշեհրադյան քառյակի պետությունները՝ Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան և Հունգարիան, տարեսկզբին արդեն առանձին նախաձեռնությամբ օգնություն ցուցաբերել են Արևելյան գործընկերության երկրներին։ Վիշեհրադյան քառյակը խոստացել էր սեփական բյուջեից 250 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային, Վրաստանին և Ուկրաինային։

Նախորդ տարվա ապրիլին Արևելյան գործընկերության երկրներին աջակցության շրջանակում իր հերթին Եվրոպական միությունը Հայաստանին 92 միլիոն եվրո օգնություն հատկացրեց։ Այս ընթացքում առանձին ծրագրերով Հայաստան օգնություն ժամանել է ԵՄ անդամ այլ երկրներից ևս՝ բժշկական սարքավորումների և մասնագիտական անձնակազմերի տեսքով։

Արևելյան գործընկերության բոլոր երկրները համավարակի տարածման բավականին բարձր ցուցանիշներ են գրանցել։ Թեև այս 6 երկրներից տևական ժամանակ առավել անվտանգը Վրաստանն էր համարվում, այժմ այն մեկ միլիոն մարդու հաշվարկով վարակակիրների ամենաբարձր ցուցանիշն ունի ցանկում։ Վրաստանին հաջորդում է Հայաստանը։ Հայաստանը նաև առաջատարն է մեկ միլիոն բնակչության հաշվարկով հաստատված մահերի թվով, հաջորդը Մոլդովան է, երրորդը՝ Վրաստանը։

Արևելյան գործընկերության 6 երկրներից պատվաստման գործընթացն այս պահին սկսվել է միայն Բելառուսում։ Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկման առաջնահերթությունը Բելառուսը տվել է բուժաշխատողներին, ուսուցիչներին և նրանց, ովքեր աշխատանքի բերումով ավելի հաճախ են հաղորդակցվում այլ մարդկանց հետ։ Պատվաստումն այստեղ կամավորության սկզբունքով է։ Ուկրաինան պլանավորում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն սկսել արդեն հունվարին։ Ադրբեջանում հայտարարել են, որ գործընթացը պլանավորված է սկսել փետրվարին։ Սպասվում է, որ Վրաստանն էլ պատվաստանյութ կստանա այս տարվա գարնանը: Մոլդովայի առողջապահական գերատեսչությունն էլ հայտարարել է, որ երկրում պատվաստումները գարնանից շուտ չեն սկսվի։

Միևնույն ժամանակ, առայժմ հստակ չէ, թե երբ են սկսվելու պատվաստումները Հայաստանում, և գոյություն ունեցող պատվաստանյութերից որն է օգտագործվելու այդ նպատակով։

Արեն Մելիքյան