Արմեն Սարգսյանը կվերադառնա Երևան վիճակի կայունացումից, բժիշկների թույլտվությունից հետո, հայտնում է նախագահի գրասենյակը

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, հայտնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

Միաժամանակ, նախագահի գրասենյակը հաղորդում է, որ ելնելով առողջական վիճակից, Արմեն Սարգսյանը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով: Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։

Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Սակայն նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել և նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։