Ամբողջ աշխարհից առաջնորդներն արձագանքում են Վաշինգտոնի դեպքերին՝ արտահայտելով խորը մտահոգություն, դատապարտելով ժողովրդավարության խորհրդանիշ Կոնգրեսի վրա հարձակումը, կամ արձագանում են չթաքցված գոհունակությամբ և հեգնանքով։
ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակիցներից Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է․ - «Խայտառակ տեսարան էր ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում հանդես է գալիս հանուն ժողովրդավարության, և հիմա կանսական անհրաժեշտ է իշխանության խաղաղ և կանոնավոր փոխանցումը»։
Ռուսաստանի դիվանագետները Կոնգրեսի դեպքերն օգտագործել են հեգնանքի համար․ Ռուսաստանի արտաքին գերծերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Ֆեյսբուքում վերատեղադրել է ամերիկացի մի լրագրողի մեկնաբանություն, թե «սրանից հետո ԱՄՆ-ն այլևս երբեք չի կարող աշխարհին ասել, թե մենք ենք ժողովրդավարության կերպարը»։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Կոնգրեսում տեղի ունեցածը բնորոշել է որպես Մայդանի ոճ՝ նկատի ունենալով 2014 թվականին Ուկրաինայի դեպքերը, երբ ցուցարարների ճնշման տակ պաշտոնանկ արվեց Ռուսաստանի բարեկամ Վիկտոր Յանուկովիչը՝ Ուկրաինայի նախկին նախագահը։
Պուտինի կեղծ պնդումներով Կիևում այն ժամանակ ամիսներ շարունակված, հիմնականում խաղաղ ցույցերը, ԱՄՆ-ի կողմից պաշտպանվող հեղաշրջում էր։ Կիևի անկախության հրապարակի ցույցերը Ռուսաստանի պաշտոնյաների մոտ դրոշմվել են որպես Մայդանի հեղափոխություն, և նրանք տարբեր առիթներով այդ բառերն օգտագործում են՝ խիստ բացասական գնահատականներ տալու համար։
«Իմ որոշ ընկերներ հարցնում են՝ արդյո՞ք որևէ մեկը քաղցրաբլիթներ կբաժանի ցուցարարներին», - ասել է Պոլյանսկին՝ ակնհայտորեն հեգնելով Կիևում ցուցարարներին բլիթներ բաժանելու՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյայի՝ Վիկտորիա Նուլանդի գործողությունները 2013 թվականին։
Պոլյանսկիի այս մեկնաբանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վերատեղադրել է Թվիթերի իր էջում։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը դատապարտել է, ինչպես ինքն է բնորոշել, «ԱՄՆ-ի ժողովրդավարության վրա գրոհը»։ «Դա Ամերիկա չէ։ Նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքները պետք է ամբողջովին ընդունվեն», - նշել է Նա։
ԱՄՆ-ի հարևան և սերտ դաշնակից Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ Վաշինգտոնի դեպքերից խորապես մտահոգված են և վշտացած։ «Բռնությունը երբեք չի կարող տապալել ժողովրդի կամքը։ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը պետք է պահպանվի և դա կլինի», - Թվիթերում գրել է Կանադայի վարչապետը։
Սլովենիայի վարչապետը՝ աջ հայացքներ դավանող և Դոնալդ Թրամփի համակիր Յանեզ Յանշան Թվիթերում գրել է․ - «Բոլորին պետք է մտահոգի Վաշինգտոնում տեղի ունեցած բռնությունները։ Հուսով ենք ամերիկյան ժողովրդավարությունը դիմացկուն է՝ խորը արմատավորված և կհաղթահարի այս ճգնաժամը։ Ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղ բողոքներ, բայց բռնությունն ու մահվան սպառնալիքը, լինի դա ձախ, կամ աջ կողմից, միշտ սխալ է»։
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Թրամփի աջակիցներին կոչ է արել դադարեցնել ժողովրդավարության արժեքների ոտնահարումը։ «Ժողովրդավարության թշնամիներն ուրախ կլինեն տեսնելու այդ անհավանական պատկերները Վաշինգտոնից», - ասել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը սոցցանցում տեսաձայնագրություն է տեղադրել, որտեղ նա խոսում է ֆրանսերեն և անգլերեն։ «Ես ցանկանում եմ արտահայտել մեր բարեկամությունը և հավատը Միացյալ Նահանգներին։ Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Վաշինգտոնում, դա Ամերիկա չէ։ Մենք հավատում ենք մեր ժողովրդավարության ամրությանը, մենք հավատում ենք ամերիկյան ժողովրդավարության ամրությանը», - ասել է Ֆրանսիայի նախագահը։