Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կոնգրես, խափանել ընտրությունների արդյունքների վավերացման գործընթացը

ԱՄՆ - Թրամփի կողմնակիցները ներխուժում են Կապիտոլիում, Վաշինգտոն, 6-ը հունվարի, 2021թ.

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին ճեղքելով ոստիկանական պատը ներուժել են Կոնգրեսի շենք՝ Կապիտոլիում, խափանելով նախագահական ընտրությունների վերջին քայլերից մեկը՝ ընտրությունների արդյունքների վավերացումը։ Օրենսդիրները տարհանվել են։

Ցուցարարներն անխոչընդոտ թափառել են շենքի միջանցքներում: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Նախնական տվյալներով կա մեկ զոհ։

Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսը վավերացնում էր նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը երդմնակալության արարողությամբ պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։

Թրամփը Սպիտակ տան մոտ հունվարի 6-ին հանրահավաքի կոչ էր արել՝ ասելով, թե ելույթ է ունենալու Կոնգրեսի վավերացման դեմ։

«Վաղը ես ելույթ եմ ունենալու «Փրկել Ամերիկան» հանրահավաքում ժամը 11-ին։ Շուտ եկեք, դարպասները ժամը 7-ից բացվելու են․․․ մեծ ամբոխ», - Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը։