Վերլուծաբանների կարծիքով, Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է կառուցի սուվերենությունը հանձնելու գնով

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործացության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Հայաստանը պարտավոր է աշխատել տարածաշրջանում մեծ շահեր ունեցող Ռուսաստանի հետ, բայց չպետք է հանձնի իր սուվերենությունը։

Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանի կարծիքով էլ Հայաստանի սուվերենությունը ոչ թե Ռուսաստանի հետ ուղիղ շփման մեջ է, այլ պետական սահմանների, իսկ սահմանագծում այսօր, վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանի դրոշն է դրված։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդումից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ Ռուսաստանի հետ նոր միութենական հարաբերություն լինի, որոշ հարաբերություններ կառուցվի՝ նոր տեսակի պայմանագիր։ Վարչապետի ասածը, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ամրապնդվեն», ի՞նչ է նշանակում, ես փորձում եմ ինչ-որ առումով վերծանել վարչապետի ուղերձի այդ հատվածը և դժվարանում եմ, մի՞գուցե դուք ինձ օգնեք։

Ստեփան Գրիգորյան․ - Ավելի բարձր ինտեգրացիայի տարբերակը ո՞րն է, Բելառուսի հետ, չէ՞, կոչվում է ՛՛Союзное государство՛՛։ Ավելի բարձր ինտեգրացիոն ֆորմատը, դա Ռուսաստանի հետ դաշնային պետության ֆորմատն է, իսկ էլ ավելի բարձր՝ երբ որ դու, քո անկախությունը կորցնում ես՝ հանձնում ես Ռուսաստանին։ Հույս ունենք, դրա մասին չի խոսքը։ Խոսքն, իմ կարծիքով, գնում է դաշնային պետության՝ համատեղ։ Ես, գիտեք, ցավում եմ, որ մեզ մոտ նորից քաղաքական էլիտայի միջև գնում է մրցակցություն՝ նախկինների և այսօրվա իշխանությունների՝ ով ավելի շատ է սիրում Ռուսաստանն, ով ավելի մոտ է Ռուսաստանին, մինչդեռ, իմ կարծիքով, դա գլխավոր չպետք է լինի։ Այո՛, Ռուսաստանի հետ մենք պարտավոր ենք աշխատել, այո՛, պետք է համբերատար աշխատենք՝ դա լուրջ երկիր է, ազդեցիկ երկիր է՝ մեր տարածաշրջանում մեծ շահեր ունեցող, բայց միաժամանակ շատ վատ է, երբ որ դու մրցակցում ես։ Ռուսաստանն էլ նայում է՝ ով ավելի լավ է իր համար, ընտրություն է կատարում, դա սխալ ճանապարհ է։ Ես կոչ եմ անում և՛ նախկիններին, և՛ այսօրվա իշխանություններին՝ այդ ճանապարհից դուրս գալ։

Ուրիշ բան է, գիտեք, ինչ-որ բան պլանավորում է հունվարի 10-ին, թե 12-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը, այսպիսի ինֆորմացիա կա՝ ինչ-որ բան ստորագրել Ռուսաստանի հետ, միգուցե ինչ-որ բաներ ստորագրեն Ադրբեջանի հետ։ Գոնե այսպիսի լուրեր կան, եթե դրանք սուտ լուրեր չեն, համապատասխանում են իրականությանը, միգուցե այդ ժամանակ Ռուսաստանի հետ Հայաստանը պլանավորում է ստորագրել, բայց ես կոչ եմ անում իշխանություններին՝ չհանձնել սուվերենությունը։ Նույնիսկ, եթե դու Ռուսաստանի հետ բան ստորագրում ես, դու պետք է հասկանաս, թե դրա դիմաց ինչ ես ստանում։

Հրանտ Միքայելյան․ - Արդյո՞ք վարչապետը և այսօրվա իշխող խումբն ի վիճակի է այն բանակցությունները վարել, որպեսզի Հայաստանի շահերը ներկայացվի։ Ես, ազնիվ ասեմ, իմ կարծիքով՝ ո՛չ։ Հաջորդը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ի՞նչ սկզբունքով պետք է կառուցվեն․ խնդիրներից մեկն այն է, որ մենք փորձելով մի կողմից Ռուսաստանի հետ հարաբերվել, կամ Արևմուտքի հետ հարաբերվել, մենք մեզ տեսնում ենք էս պայքարի մեջ ինչ-որ նվեր։ Այսինքն՝ ինչ-որ մեկը մեր սիրտը պետք է շահի։ Մենք պետք է հասկանանք, որ այս պահի դրությամբ մենք ո՛չ Արևմուտքին, ո՛չ Ռուսաստանին պետք չենք։ Սա շատ դժվար է հասկանալ, բայց պետք է հասկանալ։ Եվ այսպիսով մենք պետք է ինքներս ուզենք և՛ Ռուսաստանի հետ, և՛ Արևմուտքի հետ, Արևմուտքի, ընդ որում, իմ կարծիքով, առանձին երկրների մակարդակով էլ, ոչ թե միավորների մակարդակով, և՛ նաև Արևելքի հետ հարաբերվել։ Այդ թվում, այո՛, մենք պետք է հասկանանք, թե Ռուսաստանի հետ ի՞նչ ձևաչափով ենք շփվում, ի՞նչ պայմանագրեր ենք ստորագրում, բայց այստեղ ևս մի քանի հանգամանք պետք է շեշտեմ․ իմ կարծիքով, այնուամենայնիվ հիմնականում Հայաստանի սուվերենությունը գտնվում է ոչ թե Ռուսաստանի հետ ուղիղ շփման մեջ, այլ այն շփման գծի մեջ, որը մենք ունեցել ենք։ Հիմնական խնդիրն, իմ կարծիքով, այն է, որ այդ շփման գիծը մենք այլևս չունենք, այսինքն՝ հիմա Հայաստանի սահմանի գծով Ռուսաստանի դրոշն է դրված։ Սա ի՞նչ է նշանակում՝ Հայաստանն այն երկիրն այլևս չէ, որն ինքն է պաշտպանում իր անվտանգությունը, և մենք բավական չափով չգնահատեցինք ղարաբաղյան պաշտպանական առաջին գիծը, որը որ մենք ունեցել ենք, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանի սուվերենությունն այդտեղ էր։

Ռուսաստանի հետ կապված շատ դեպքերում խնդիրն այն է, որ ինչքան մենք հեռանում ենք Ռուսաստանից, այդքան մոտիկանում ենք Ռուսաստանին։ Այսինքն՝ այդ բալանսը պետք է շատ ճիշտ պահել, եթե մենք մի տեղ Ռուսատանից փորձում ենք հեռանալ, հետո որոշակի վնասներ ենք կրում և հետո ստիպված ենք լինում էլ ավելի մոտիկ գալ։ Եվ այստեղ, կարծում եմ, 1920 թվի օրինակը պետք է լավ ուսումնասիրած լինենք՝ գոնե հիմա։ Նույնը տեղի է ունեցել այստեղ։

Ինչ վերաբերում է կոնկրետ դաշնային պայմանագրի, ես տեղյակ չեմ, չեմ կարծում, որ հիմա կարող է դաշնային պայմանագիր ստորագրվի, դրա համար նախապայմաններ ես չեմ տեսնում, և ես կարծում եմ, որ մենք պետք է ձգտենք որպեսզի այդ ձևաչափով, երևի թե, չգնանք, այլ ավելի շատ գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով, այսինքն՝ եղած պայմանագրերը խորացնենք՝ տնտեսական, արտաքին քաղաքական, բայց՝ ոչ պետական միավորման։ Շատ դեպքերում ստացվում է այնպես, որ մենք սկզբից փորձում ենք որքան հնարավոր է պաշտպանել անկախությունը Ռուսաստանից, իսկ վերջում ամեն ինչը հանձնում ենք։ Մենք պետք է այդ օպտիմալ կետն ինքներս գտնենք, որպեսզի հետո ստիպվողի դերում մեզ չգտնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև