Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը 2020-ին

Վարչապետի հայտարարությունից հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերը ցուցարարները ներխուժել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ

Եթե 2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային աղետով՝ տարվա ընթացքում խլելով ավելի քան 3 հազար մարդու կյանք, ապա դրամատիկ այս տարին Հայաստանի համար է’լ ավելի ողբերգական ավարտ ունեցավ. Արցախյան պատերազմում կրած ծանր պարտությունը, տարածքային զգալի կորուստները, հազարավոր մահերը, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո զինծառայողների գերեվարումն ու դրանց վերաբերյալ տարածվող ադրբեջանական տեսանյութերը, հարյուրավոր անհետ կորածների չպարզված ճակատագրերն ու Խորհրդային Հայաստանի քարտեզներով իրականացվող սահմանազատումները հանգեցրեցին ներքաղաքական ու նաև ներհասարակական ճգնաժամի:

«Հաղթելու ենք» պաշտոնական լոզունգի ներքո ընթացող 44-օրյա պատերազմը հանրության համար խիստ ցավոտ և անակնկալ ավարտ ունեցավ: Հակառակ մատուցվող լավատեսական ու հաղթական նորություններին, հազարավոր զոհեր ու ու զգալի տարածքային կորուստներ տալուց հետո, Հայաստանի վարչապետը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ֆեյսբուքում գրեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել՝ պարտավորվելով Ադրբեջանին վերադարձնել նաև հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից 3-ը` Աղդամը, Լաչինն ու Քելբաջարը, մյուս 4-ը Ադրբեջանն արդեն գրավել էր պատերազմի ընթացքում։

Տարածքային կորուստները, անառիկ համարվող Շուշիի անկումը և հազարավոր զոհերի առկայությունը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջի հիմք դարձան՝ անմիջապես վերածվելով ներքաղաքական սուր պայքարի:

Մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր, այդ թվում` խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ը, ՀՅ Դաշնակցությունը, Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը, բարձրացրեցին Փաշինյանի հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջը: Ընդդիմության պնդմամբ՝ միտումնավոր, թե պարզապես անխոհեմ քայլերի պատճառով Հայաստանին պարտության տարած և կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած վարչապետը պետք է հեռանա:

Հայաստանի 2020-ի ներքաղաքական տարին ամփոփող «Ազատության» հաղորդումը կարող եք դիտել և լսել ստորև.

Your browser doesn’t support HTML5

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը 2020-ին