Թատերական գործիչների՝ մասնավորապես միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հավաստիացմամբ, ի հեճուկս 2020 թվականի բոլոր աղետների` հայ թատրոնը կարողացավ տարվա ընթացքում կանգուն մնալ և անգամ նոր բեմադրություններով հանդես գալ:
«Իհարկե, սարսափելի տարի էր, և նույնիսկ վատ երազում էսպիսի տարի պատկերացնելն անհնարին էր, հնարավոր չէր, ամեն ինչ կոլապսի մեջ էր, նաև, իհարկե, թատերական կյանքը: Բայց ի պատիվ թատրոնների պետք է ասել, որ թատրոնները շարունակեցին աշխատել, շարունակեցին, ամեն դեպքում, իրենց գործն անել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Թատերական գործիչների միության նախագահը: - «Թատրոնները աշխատեցին, ներկայացումներ պատրաստեցին, նույնիսկ պրեմիերաներ եղան: Պարոնյան թատրոնը, պետք է ասեմ, որ երկու պրեմիերա պատրաստեց, այս մեր ներկայացումները պատրաստ են, և մենք ուզած ժամանակ կարող ենք խաղալ»:
Ղազանչյանի համոզմամբ՝ թատրոնի մարդը կարողացավ չընկճվել, կանգուն մնալ հենց մասնագիտական առանձնահատկության շնորհիվ. - «Թատրոնի մարդը առանց իր աշխատանքի ապրել չի կարող՝ ինչ ուզում է լինի, ինչ խոչընդոտ ուզում է լինի՝ քովիդ կլինի թե այլ բան կլինի, միևնույն է, թատրոնի մարդը երկար ժամանակ տանը նստել չի կարող: Եվ թատրոնի մարդիկ սկսեցին աշխատել, սկսեցին փորձեր անել, սկսեցին իրենց ամենօրյա գործունեությունը ծավալել, և ի պատիվ բոլորի՝ բոլորի անխտիր, պետք է ասեմ, որ թատերական կյանքը դիմացավ այս ծանր իրավիճակին, այս կոշմարին, այս մղձավանջին, և կասկած չունեմ, որ հենց որ թույլտվությունը եղավ արդեն խաղալու, ըստ էության այդ թույլտվությունը կա, ուղղակի գիտեք՝ այս պատերազմական վիճակը ավելի կոտրեց մեր բոլորի մեջքը...»:
Այս օրերին էլ թատրոններն ամանորյա մանկական ներկայացումներով են հանդես գալիս, որովհետև, ասում է Հակոբ Ղազանչյանը, նույնիսկ ամենածանր, մղձավանջային իրավիճակում անգամ երեխաներին չի կարելի անմասն թողնել հեքիաթից. - «Դա սկզբունքային է, ասեմ, որովհետև ես էն կարծիքի չեմ, որ պետք է Ամանորը մենք սգի վերածենք, որովհետև, վերջին հաշվով, ո՞ւմ համար է Ամանորը՝ մեզ համար չի, երեխաների համար է: Երեխաների համար է, և մենք իրավունք չունենք երեխաներին, այսպես, սթրեսի մեջ շարունակենք պահել, ընդհակառակը՝ մեր խնդիրն է էս ապրումներից հետո հատկապես արցախցի երեխաներին, հատկապես այն երեխաներին, որոնց համար պատերազմը հեքիաթ չէր, պատմվածք չէր կամ վեպ չէր, այլ՝ դաժան իրականություն, պետք է էդ երեխաներին փորձենք էնպես անել, որ ինչ-որ ձևով թեթև տանեն էդ սթրեսը, դուրս գան էդ սթրեսից: Եվ պատահական չի, որ նույնիսկ պատերազմի օրերին շատ թատրոններ խաղացին Արցախի, Արցախից էվակուացված երեխաների համար ներկայացումներ»:
«Մենք նույնպես՝ Պարոնյան թատրոնը նկատի ունեմ, խաղացինք, և, իհարկե, ավելի մեծ բավականություն, քան էդ երեխաների երջանիկ դեմքերը տեսնելը, երջանիկ հայացքը տեսնելը, երբ որ նրանք բեմին են նայում և հեքիաթային հերոսներ են տեսնում, իհարկե, դրանից ավելի մեծ նվեր, մեծ բավականություն թատրոնի մարդը չէր կարող ապրել էս օրերին», - շարունակեց Թատերական գործիչների միության նախագահը:
«Թատրոնները աշխատում են, ոչ մի թատրոն կանգ չի առել, թատրոնները շարունակելու են աշխատել, թատրոնի աշխատողի համար պարապուրդը մահ է, ինքնասպանություն է», - ընդգծեց Հակոբ Ղազանչյանը:
2021 թվականից իր ակնկալիքների մասին հարցին Թատերական գործիչների միության նախագահն արձագանքեց. - «Ես մի անձնավորություն եմ, որը անմիջապես երկրաշարժից հետո ղեկավարեց Գյումրիի Վարդան Աճեմյանի, այն ժամանակ՝ Մռավյանի անվան թատրոնը: Չորս կողմը ավերակներ էին, թատրոնում չկար մի անձնավորություն, որ հարազատ կորցրած չլիներ, իսկ կային մարդիկ՝ դերասաններ կային, տեխնիկական աշխատողներ կային, որ ամբողջ ընտանիքն էին կորցրել, բայց ես հիշում եմ, թե ինչ հավատ կար, ինչ հույս կար վաղվա օրվա հանդեպ, և մենք ինչ նվիրումով էին աշխատում և ինչ նվիրումով էինք մենք պատրաստում մեր ներկայացումները»:
«Ես համոզված եմ, որ, այնուամենայնիվ, սերունդները, մեզնից հետո եկող սերունդները մաքրելու են էս ամոթը մեր վրայից: Ես շատ կուզենամ, որ լավատեսությունը վերադառնա, որովհետև էսպիսի տխուր, էսպիսի կոտրված, էսպիսի դժվար ժամանակամիջոց ես չեմ պատկերացրել, որ կունենամ իմ կյանքում, նույնիսկ ամենամոտ հարազատի կորստից հետո: Պետք է ապրել, պետք է պայքարել, պետք է կերտել, պետք է արարել: Հիմա այնպիսի դժվար հոգեբանական վիճակում ենք բոլորս գտնվում, որ դժվար է այդ մասին մտածել, բայց էլի եմ ասում՝ ես կասկած չունեմ, որ ամեն ինչ ավարտված չէ, ես կասկած չունեմ, որ ամեն ինչ լավ կլինի», - շեշտեց Հակոբ Ղազանչյանը: