Մտավորականներն ակնկալում են, որ 2021-ին հայ ժողովուրդը դուրս կգա ընկճված վիճակից ու կհամախմբվի

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արխիվ

Տարեմուտի այս օրերին ի թիվս այլոց ավանդաբար իրենց խոսքն են տարբեր բարեմաղթանքներով մեր ժողովրդին ուղղում նաև մտավորականները: Նրանց խոսքն այս անգամ բոլորիս հասկանալի պատճառով լի է ցավով, բայց նաև ոչ հուսալքությամբ:

Այսօր իրենց ակնկալիքները 2021 թվականից ներկայացնում են բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու ԵՊՀ Հայ բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:

Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ` ապագայի տեսլականը կախված է մեզանից յուրաքանչյուրի, մեր ողջ հանրության նախատրամադրվածությունից և խավարը ճեղքելով դեպի լույսը քայլելու հաստատ մտադրությունից. «2020 թիվը շատ ծանր տարի էր մեր ժողովրդի համար, և այդ ծանր տարին փաստորեն մեզ բոլորիս, այսպես ասած, սեղմում է մեր մեջ մտնելու, մեր մեջ քննելու և այն ողբերգականությունը, թերությունները, սխալները, որ մենք ենք ունեցել` լինի պաշտոնյա, թե կիսապաշտոնյա, թե մտավորական նաև, այս իրավիճակի մեջ մենք ինչ պիտի անենք, որպեսզի շարունակենք: Կարևորը շարունակելիությունն է, կարևորը մեր տեսակը, մեր ինքնությունը պահպանելն է, մեր երկրի ամբողջականությունը պահպանելն է, սփյուռքի և Արցախի հետ միասնականությունը զգալը, ապրելը, նոր արարմունքով հիմքեր դնելու ապագայի համար: Ես ակնկալում եմ բոլորիցս նախ, ոչ թե ապրիորի տարին լավ կլինի, ոնց կլինի, մենք պիտի տարին լավ դարձնենք, ամեն մեկս իր աշխատանքով, իր ստեղծածով, իր հարաբերություններով, իր մտածումներով, և ես կարծում եմ` մեր ժողովուրդը դարերի մեջ կուտակած այն հզոր լիցքներն ունի` ամեն դժվարությունից դուրս գալու...»:

«Մենք պիտի իրար գորգուրենք, բարություն տարածենք, մենք իրար հասկանանք վերջապես, թշնամությունը վերացնենք: Այդ գծերը, բաժանումները և ժողովրդի ամբողջականության հավաքականությամբ պիտի կարողանանք ամրացնել Հայաստանն, Արցախը, սփյուռքն իրար հետ ճշգրիտ հարաբերություններով», - շարունակում է Միլիտոնյանը:

Սամվել Մուրադյանի խոսքով էլ` այն արհավիրքը, որի միջով անցավ մեր ողջ ժողովուրդը, կարող է միայն հաղթահարվել յուրաքանչյուրիս համառ վճռականության շնորհիվ. «Մենք իրավունք չունենք ընկճվելու, հույսով ապրելը և լույսի ակնկալիքը մեր ժողովրդի պատմականորեն ձևավորված բնավորությունն է, մեր ազգային նկարագիրը դա է: Մեր և մեր ոխերիմ հարևանների տարբերությունը հենց դա է: Ես կուզենամ, որ մեր ժողովուրդը, որից ինքը շատ է տուժել, չփոխի, էլի մնա խաղաղասեր, էլի աշխարհին խաղաղություն մաղթի, էլի բարիքներ գործի գիտության, մշակույթի ասպարեզում և կարողանա իսկապես համաշխարհային քաղաքակրթության գանձարանը հարստացնել իրեն բնորոշ ստեղծագործական նվաճումներով:

Անցնող տարին իր բոլոր տխրությունների հետ միասին ինձ համար գոնե եղել է նաև ստեղծագործական տարի: Ես կարողացել եմ նախորդ տարիներին հրատարակել Հովհաննես Շիրազի մի քանի գրքեր: «Անտիկ էջեր» խորագրով հրատարակել եմ 3 հատոր Շիրազ, անտիկ, հիմա էլ գրասեղանից դրված են «Հայոց դանթեականը» պոեմի ձեռագրերը, որոնցից ես պիտի կազմեմ ամբողջական տարբերակ, որովհետև խորհրդային ժամանակներում այդ պոեմը կրճատվել է այդ ժամանակվա գլավլիդի պահանջներով: Այսօր ես տեսնում եմ, որ շատ կարևոր բաներ, որ պետք էր մեր ժողովուրդն իմանար, այն ժամանակ կրճատել են, և ժողովրդին չի հասել:

Եվ իմ անցնող տարվա ձեռքբերումներից մեկը պիտի համարեմ հայ նոր գրականության պատմության դասագրքի ստեղծումը, առաջին հատորդն արդեն տպարան է գնացել:

Ես մեր ժողովրդին պիտի մաղթեմ նոր տարվա մեջ փոխհատուցում անցնող տարվա չարիքների ողբերգական իրադարձությունների ծանր ու անդառնալի կորուստների դիմաց, աշխարհի խղճի արթնացում, Արցախի հարցի արդարացի լուծում, եթե կա իհարկե այդպիսին: Մարդուն նախ և առաջ պիտի բնորոշ լինի մարդկային գութը, խիղճը և մարդու նկատմամբ մարդկային վերաբերմունքը ճիշտ այնպես, ինչպես մեր մեր բանաղստեղծ Պարույր Սևակն ասում էր. «Աղաչում եմ ձեզ, մարդու նկատմամբ մարդ եղեք»:

Շնորհավորանք նախորդ տարիների նման չենք հղում իրար, որովհետև մեր կորստյան կսկիծը, մեր ցավը, մեր ահավոր ողբերգությունը մեզ ուրախանալու հնարավորությունից զրկել է, բայց միևնույնն է` կա շարունակվող կյանք, մենք պետք է դուրս գանք այս ընկճված վիճակից, ողջամտորեն կարողանանք համախմբվել համազգային մեկ նպատակի, մեր գաղափարի շուրջ, կարողանանք ամրացնել մեր պետականությունը և ոչ թե քանդել ու քայքայել տարբեր եղանակներով ու միջոցներով:

Մեր ժողովրդին, ես կարծում եմ, նոր տարին ինչ-որ լավ բաներ այնուամենայնիվ կբերի, որովհետև միշտ, ինչպես մեր Շահամիրյաններն էին ասում, սաստկաշունչ ձմռանը հաջորդելու է մանուշակաբեր գարունը: Ես նոր տարին այդպես եմ ուզում պատկերացնել և մեր ամբողջ ժողովրդին կամենում եմ, որ շտկի իր մեջքը, իր ողնաշարն ուղղի, իր առողջ բանականությամբ զինվելով նորից կարողանա գտնել իրեն բնորոշ փրկության և հայրենիքի պետականության ամրության ճանապարհը և կարողանա դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից գոնե հոգեբանական հաղթանակներով»:

Մտավորականների հետ ամփոփիչ զրույցի ամբողջ տարբերակը ստորև.