Նոյեմբերի 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների փաստերով 4 քրգործ է ուղարկվել դատարան

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը մարզերում և Երևանում կատարված զանգվածային անկարգությունների փաստերով 14 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 4 քրեական գործ ուղարկվել է դատարան, տեղեկացնում է գլխավոր դատախազությունը:

Դատախազությունը հիշեցնում է, որ եռակողմ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես Երևանում գտնվող կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ, հնչեցվել են սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև տեղ են գտել ԱԺ-ին և Կառավարությանը որոշակի գործողություններ պարտադրելու, բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի ու փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների դեպքեր:

Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցել է քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ:

«Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ 14 անձի նկատմամբ անջատվել է 4 քրեական գործ, որոնցով նախաքննությունն ավարտվել է», - հայտնում է դատախազությունը: