Նախագահը հայտարարում է՝ «եթե արմատապես չփոխենք դրվածքը, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու»

«Եթե մենք արմատապես չփոխենք դրվածքը, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու», - հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Նախագահն ասել է, որ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են, և դրանք հաղթահարելու լավագույն ձևն աշխատելն է․ «Իմ կյանքի փորձառության մեջ դժվարությունները հաղթահարելու լավագույն ձևը վազելն է՝ աշխատելը, - նշել է նախագահը՝ հավելելով, - «Դուք այս ընթացքում «վազում էիք», բայց ամեն մարդ չի կարողանում դա անել, ուստի գուցե դուք օգնեք շատերին «վազել»: Դուք արել եք այն, ինչ արել եք, հետևաբար, ձեզ ինչ-որ բարոյական դասեր տալու կարիք ընդհանրապես չկա: Հակառակը, ձեզնից շատերից կարող ենք սովորել»:

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ պետք է փոխել մեր մոտեցումը պետության ու պետականության հանդեպ. «Մեր ազգային արժեքներն ու պետականությունը պետք է կարողանանք ամեն օր պաշտպանել, կարողանանք ցույց տալ, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք, արժանի ենք մեր նախնիներին։ Երբ ուժեղ ես, կազմակերպված, միշտ կհաղթես»:

Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ պետք է ճիշտ ձևավորել զարգացման մոդելը: «Մենք 30 տարի ապրել ենք փակ մոդելով: Միշտ հավատացել եմ բաց մոդելին: Մեր երկիրը պետք է բաց մոդել ունենա, որովհետև մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ Սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք:

Ամենակարևոր բաներից մեկը կրթությունն է: Մանավանդ այս նոր մոդելով և 21-րդ դարում կրթությունը շատ կարևոր է: Երբ ունես հազարավոր լավ կրթված երիտասարդներ արտասահմանում, ուղղակի պետք է նրանց ներգրավել», - ընդգծել է նա:

Արմեն Սարգսյանը նշել է, որ պետական համակարգը լիարժեք չի աշխատում՝ հավելելով՝ կարծում է, որ այսպես ասած՝ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել։ «Եկեք համակարգային մոտեցում ունենանք: Առաջարկում եմ՝ նախագահական ինստիտուտը լինի այն հարթակը, որտեղ կարող ենք հավաքվել և միասին մտածել, թե ինչպես կարելի է համակարգ ստեղծել: Առաջարկում եմ, որ նորից հանդիպենք և համակարգված աշխատենք: Ափսոս է, որ ձեր այս փորձառությունը կորչի: Ուզում եմ, որ դուք պահպանեք այն, ինչ ստեղծել եք», - ընդգծել է նախագահը:

Ի պատասխան Սփյուռքի համախմբմանը վերաբերող հարցի՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պետք է մարդկանց ներգրավել, քաղաքացիության հետ կապված պատնեշները հանել: «Պետությունը հստակ ծրագիր պետք է ունենա։ Երկրից խոսելուց ազգի մասին պետք է խոսել՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Լոս Անջելես ապրող հայերի, բոլորի։ Մենք խնդիր ունենք արմատական փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այս առումով Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի: Այսօր եկել է պահը: Վճռական պահ է և պետք է փոխել մեր մոտեցումները: Այդտեղ նույնպես ես պատրաստ եմ ձեզ, Սփյուռքի բոլոր կառույցների հետ աշխատել», - ընդգծել է Հայաստանի նախագահը: