Սահմանների որոշման հարցը կենսական իրավունքները վտանգելու առաջ է կանգնեցրել, շեշտում է ՄԻՊ-ը

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Պաշտպանը հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ, հայտնում են նրա աշխատակազմից:

Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ` սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարևորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը։

Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։

Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ: