Օնլայն ցուցահանդես Երվանդ Քոչարի թանգարանում՝ նվիրված Վարդան Մամիկոնյանի կերպարին

«Մահ իմացյալի սլացքը» խորագրի ներքո Երվանդ Քոչարի թանգարանում վերջերս բացված ցուցահանդեսը նվիրված է մաեստրոյի կողմից Վարդան Մամիկոնյանի առասպելական կերպարի մարմնավորմանը և իր տեսակի մեջ մի եզակի ցուցադրություն է Հայաստանում՝ հատկապես այս հետպատերազմական իրավիճակում:

«Ազատության» հետ հարցազրույցի ընթացքում Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը նշեց, որ մտադիր են աջակցել մեր հայրենակիցներին միայն նորատիպ ցուցադրությունների կազմակերպմամբ՝ առաջնորդվելով Երվանդ Քոչարի հետևյալ խոսքով՝ «Չնայած հիմա արյուն է, մահ և կործանվում են գեղարվեստի արժեքները, բայց և՛ պատերազմը, և՛ թնդանոթներն անցողիկ են, իսկ գեղարվեստը մշտնջենական է»։

«Այց ցուցահանդեսը նվիրել ենք Վարդան Միկիոնյանի արձանին, որն ինչպես գիտենք մաեստրոյի վերջին մոնումենտալ նվաճումն է և պատկերում է 5-րդ դարի և առհասարակ մեր պատմության մեծագույն հերոսներից մեկին՝ Վարդան Մամիկոնյանին։ Քոչարը նույնպես ասում էր` չէ՞ որ Վարդանանց պատերազմով է գուցե որոշվել մեր հայ մնալ-չմնալը։ Քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նորագույն եղանակներով կազմակերպել ցուցադրություններ, այս անգամ մենք որոշեցինք այն անել օնլայն տարբերակով, որը կարող եմ նշել, որ առաջինն է Հայաստանում, երբ կարող ես վիրտուալ իրականության մեջ շրջել վիրտուալ ցուցասրահում և դիտել Քոչարի Վարդան Մամիկոնյանին նվիրված բոլոր ստեղծագործությունները, տեսնել և՛ գեղանկար աշխատանքներ, և՛ գրաֆիկական, և՛ էսքիզներ», - ասաց թանգարանի տնօրենը։

Կարինե Քոչարի համոզմամբ՝ ցուցահանդեսը շատ ակտուալ է մեր օրերում և կարող է հոգեբանական աջակցության խթան հանդիսանալ արվեստասերների համար: