Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենը իր պաշտոնավարման մեկնարկից շուրջ երեք շաբաթ առաջ պնդում է՝ Դոնալդ Թրամփի թիմը խոչընդոտներ է հարուցում իշխանության փոխանցման գործընթացում։ Նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում հաղթած Բայդենն այս մասին հայտարարեց երկուշաբթի երեկոյան իր հայրենի Դելավեր նահանգում հնչեցրած ելույթում։
«Որոշ պետական գործակալությունների դեպքում մեր համագործակցությունը օրինակելի է։ Խոսքը նախ և առաջ ոչ քաղաքական պաշտոններ զբաղեցնող արհեստավարժների հետ համագործակցության մասին է։ Այլ գերատեսչություններում, որոնցից ամենանշանակալին Պաշտպանության նախարարությունն է, մենք բախվում ենք քաղաքական ղեկավարության կողմից հարուցվող խոչընդոտների»,- հայտարարում էր Ջոզեֆ Բայդենը՝ ընդգծելով, որ իշխանության փոխանցման գործընթացի մեկնարկից ի վեր իր թիմակիցները սկսել են հասկանալ, թե Թրամփի նախագահության հինգ տարիների ընթացքում ինչ լուրջ խնդիրների են բախվել Միացյալ Նահանգների ուժային կառույցները։
«Պետք է խոստովանել, որ մի շարք գործակալություններ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության ապահովման համար, հսկայական վնասներ են կրել։ Այդ գերատեսչություններից շատերը պարզապես հյուծված են թե՛ կադրային, թե՛ կարողությունների և թե՛ բարոյական մթնոլորտի տեսանկյունից։ Ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում՝ այդ կառույցները թուլացել են կամ էլ հետին պլան մղվել», - հայտարարում էր Բայդենը։
Այսպիսով, Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնում ընտրված Բայդենն անցած գիշեր առաջին անգամ պաշտոնապես հաստատեց, որ իշխանության փոխանցման գործընթացում լուրջ խնդիրներ կան։
Հիշեցնենք` Բայդենի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին։ Որպես կանոն մինչ այդ օրը պաշտոնը լքող նախագահի աշխատակազմը հասցնում էր գործերն ամբողջությամբ փոխանցել Սպիտակ տան նորընտիր ղեկավարին։ Այս տարի, սակայն, արդեն իսկ տեսանելի է, որ իշխանության փոխանցման տարիներ ի վեր գործած ժամանակցույցը խախտվել է։ Դրա գլխավոր պատճառը Դոնալդ Թրամփի կողմից ընտրություններում պարտությունը ընդունելուց համառորեն հրաժարվելն էր։
Reuters -ի տեղեկություններով` Թրամփն իր ենթականերին իշխանության փոխանցման հարցով Ջոզեֆ Բայդենի թիմի հետ համագործակցելու պաշտոնական թույլտվություն տվել էր ընտրություններից շուրջ երեք շաբաթ անց՝ նոյեմբերի 23-ին։ Բայց նույնիսկ այս պարագայում, ըստ դեմոկրատների, խոչընդոտները պահպանվում են՝ նախևառաջ ռազմական գերատեսչությունում։
Պենտագոնում, սակայն, Բայդենի թիմակիցների հնչեցրած այս մեղադրանքները կտրականապես հերքում են՝ հայտարարելով, թե իշխանության հանձնման-ընդունման գործընթացը բնականոն հունի մեջ է։
«Մենք արդեն իսկ 164 զրույց ենք անցկացրել շուրջ 400 պաշտոնյաների հետ, ինչպես նաև [Բայդենի թիմին] փոխանցել ենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնց ընդհանուր ծավալը հասնում է հինգ հազար էջի», - մոտ տասն օր առաջ հրապարակած հայտարարության մեջ նշել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիսթոֆեր Միլերը։
Անցած գիշեր Դելավերում հնչեցրած ելույթով, սակայն, նորընտիր նախագահը կասկածի տակ դրեց Պենտագոնի ղեկավարի հայտարարությունների իսկությունը։ «Այս պահին, երբ մեր երկիրը գտնվում է իշխանության փոխանցման ժամանակաշրջանում, մենք պետք է վստահ լինենք, որ այդ գործընթացը որևէ կորուստների չի հանգեցնի։ Իմ թիմը պետք է հստակ պատկերացում ունենա նախ և առաջ ողջ աշխարհում մեր ուժերի տեղակայման և թշնամիների զսպմանն ուղղված գործողությունների մասին։ Մեզ նախ և առաջ Պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների բյուջետային պլանավորման թափանցիկություն է անհրաժեշտ, ինչը թույլ կտա խուսափել դժվարություններից ու շփոթմունքից, հանգամանքներ, որոնցից կարող են օգտվել մեր հակառակորդները։ Չնայած դրան, մենք այսօր բախվում ենք խոչընդոտների, որոնք հարուցում են Պաշտպանության նախարարությունը և Վարչա-բյուջետային գրասենյակը։ Այս պահին մենք իշխանությունից հեռացող վարչակազմից ազգային անվտանգության առանցքային ոլորտներին վերաբերող տեղեկատվություն չենք ստանում։ Ըստ իս` դա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվության դրսևորում», - հայտարարում էր Ջոզեֆ Բայդենը։