Լոռու նորանշանակ մարզպետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը պատրաստ է համագործակցության մարզում գործող ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Այդ մասին նա ասաց «Ազատության»-ը տված հարցազրույցում։
Խաչատրյանը նշում է, որ պատրաստ է լսել բոլոր ընդդիմախոսներին, բայց նաև համարում է, որ այսօր մարզում քաղաքական իրավիճակը հանգիստ է՝ ընդդիմադիրների ակտիվություն չի տեսնում։
«Դե, եթե բոլորս իրար ճանաչում ենք, միասին ճանապարհ ենք անցել, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք իրականացրել, նունիսկ լուծումներ ենք գտել, հիմա էլ կարծում եմ, որ դա է միակ ճիշտ ճանապարհը, որովհետև ժողովուրդը բոլորիցս դա է ակնկալում։ Ես պատրաստ եմ իրենց հետ համագործակցել, լսել խնդիրները և միասին գտնել դրանց լուծումները», - ասաց Խաչատրյանը։
Վերջին 20 օրերին Լոռու մարզում ժամանակ առ ժամանակ փոքրաթիվ մասնակիցներով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք, Արամ Խաչատրյանի համոզմամբ, էական ազդեցություն չունեն։
Նորանշանակ մարզպետն իր կարևորագույն անելիքներից մեկը համարում է փոխգործակցությունը մարզի համայնքների ղեկավարների հետ՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից։ «Ես այս պահին կարծում եմ, որ շատ հանգիստ ա, որևիցե լարվածություն չեմ նկատում որևիցե քաղաքական ուժի կողմից», - ասաց Խաչատրյանը։
Օրեր առաջ մարզի երկու համայնքների ղեկավարներ հայտարարել էին, որ միանում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Խաչատրյանն ասաց՝ կաշկանդված չէ նրանց հակաիշխանական այս հայտարարությունից։ Պատրաստ է համագործակցել։ «Հուսով եմ և համոզված եմ, որ դա մեզ մոտ կստացվի», - ասաց նորանշանակ մարզպետը։
Անցած շաբաթ Վանաձորում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորում, ակնարկելով Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին, հորդորել էր բոլորին դուրս չգալ իրենց լիազորությունների շրջանակներից։ «Որևէ պետական մարմնի, որևէ ինստիտուտի, բացի ձեր քաղաքացիական կարծիքը, որևէ մեկն իրավունք չունի համայնքի, կամ ինստիտուտի անունից խոսել և պահանջելու և պահանջելու որևէ այլ ինստիտուտի լիազորություննրի կամ պարտականությունների հետագա կատարումը, կամ չկատարումը», - հայտարարել էր նախարարը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանն անցած շաբաթ է նշանակվել Լոռու մարզպետ։ Նա երկու տարի առաջ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով։ Մարզում ամենաշատ թվով ձայնն էր ստացել։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք իր նշանակումով իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, Խաչատրյանն ասաց՝ այդ հարցը չեն քննարկել։ «Նախ՝ փաստ չէ, որ մենք հիմա գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քննարկվում է, բայց դեռ փաստ չի», - ասաց Խաչատրյանը։
Այսօր «Ազատություն»-ը տեղեկացավ, որ Լոռու նորանշանակ մարզպետի հայրը՝ Մայիս Խաչատրյանը մի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Նա 20 տարի ղեկավարել է մարզում գործած «Լոռու դպրոց» հիմնադրամը։ Այս, ինչպես նաև ևս երկու հիմնադրամներ մարզում 2018-ի հեղափոխությունից հետո հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում։ Երկու տասնամյակ աշխատավարձի հաշվին այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բժիշկները հայտարարել էին, որ իրենց աշխատավարձից մասհանումները կատարվել են ոչ թե կամավոր, այլ պարտադիր, իսկ որոշ դեպքերում, անգամ առանց իրենց գիտության։
Դատախազությունից «Ազատության»-ը հայտնել են, որ «Լոռու դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դատախազությունը «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամի նախկին տնօրենին կալանավորելու որոշում է կայացրել և հետախուզում հայտարարել։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրաժարվում է խոսել այս թեմայով՝ նշելով, որ իր հոր հետ կապված քրեական գործը չի կաշկանդում իրեն պայքարելու կոռուպցիայի դեմ։ «Քանի որ գտնվում է իրավական դաշտում, սպասենք իրավապահների որոշմանը։ Այստեղ ես որևիցե մեկնաբանություն չունեմ», - ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ 20 տարի առաջ Լոռիում ստեղծված հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդները նախագահել են նախկին հանրապետական մարզպետները։ Այսօր դրանց գործունեությունը դադարեցված չէ, բայց հանգանակությունները պարտադիր կերպով չեն արվում, ինչպես նախկինում էր։