«Բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակի տեղադրումն, ըստ Թաթոյանի, խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է

Ադրբեջանի զինվորականների կողմից Հայաստանի սահմանային բնակավայրերի միջնամասում «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակի տեղադրումն արվել է Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք), հայտարարում է Հայաստանի մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանը տեղեկացրել է, որ Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակ է տեղադրվել։ Ցուցանակի վրա պատկերված քարտեզն, Թաթոյանի խոսքով, ակնհայտ արված է այնպես, որ Հայաստանի Սյունիքի մարզի զգալի մասը ու Հայաստանի մի շարք այլ բնակավայրեր ներկայացված են Ադրբեջանի մաս։

Ըստ Պաշտպանի, սա բացարձակ դատապարտելի ու խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է` առաջին հերթին հաշվի առնելով այն խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքն ու մյուս պատերազմական հանցանքները, էթնիկ զտումները, որ Ադրբեջանի զինված ուժերը մեր ժողովրդի նկատմամբ կատարել են հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:

«Նման քայլերը հատկապես դատապարտելի են այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակվում են հայասպանության ու հայատյացության կազմակերպված քարոզի պետական քաղաքականությունը, ինչպես նաև որ Հայաստանի դեմ պատերազմի բացահայտ կոչեր են անում նաև այն ադրբեջանցիները, որոնք ունեն այդ երկրում հանրային ճանաչում ու իրենց հռչակել են իրավապաշտպան (Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամրագրել է անհրաժեշտ ապացույցները)», - հայտարարել է Պաշտպանը:

Թաթոյանը նաև տեղեկացրել է, որ այս հայտարարությունն այսօր կտարածվի միջազգային կառույցներին: