Քաղաքական մեկնաբան Ստեփան Գրիգորյանն անհավանական է համարում առաջիկայում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը երկու օր առաջ Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի ունեցածից հետո։
Նախ ադբեջանական կողմը հայտարարել էր, թե Տող գյուղի մոտակայքում դեկտեմբերի 27-ին հայկական զինված խումբը հարձակվել է ադրբեջանական ստորաբաժանման վրա, ապա ենթադրել էր, թե հարձակված վեց հայ զինվորականները կա՛մ հայկական զինված խումբ են, կա՛մ՝ տարածքում հայկական զինված ուժերից մնացած վեց հոգանոց ջոկատ։ Վեց հոգին էլ, ըստ Ադրբեջանի, սպանվել են, ադրբեջանական կողմն էլ ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։
Արցախի պաշտպանության բանակը կտրուկ հերքեց՝ վստահեցնելով՝ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել, իսկ Ադրբեջանի տարածած հայտարարությունը քարոզչական սադրանք է։
Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ եթե միջադեպ Հադրութում տեղի չի ունեցել, ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նման տեղեկություններ տարածում, և արդյո՞ք պատերազմի վերսկսման վտանգ կա։ «Ի՞նչ է, Ադրբեջանը հասցրեց 7 շրջան զենքով ազատե՞լ, գրավե՞լ․․․ կարողացավ երեք շրջան հազիվ՝ Թուրքիայի աջակցությամբ, վարձկաններով ու կողքից էլ Ռուսաստանն աջակցեց իրանց՝ դիվանագիտորեն, միանշանակ, հազիվ կարողացան երեք շրջան վերցնել՝ դաժան պատերազմի միջոցով», - ասաց քաղաքական մեկնաբանը։Ըստ Գրիգորյանի, Ադրբեջանը դիմում է տարբեր քարոզչական հնարքների, սակայն նրանց զինված ուժերն այժմ պատրաստ չեն նոր մարտերի։ «Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց բանակն այդքան էլ ուժեղ չէ, ավելին ասեմ՝ նորից նույն չափով աջակցել իրենց Թուրքիան համոզված չի, քանի որ ընկավ Ամերիկայի սանկցիայի տակ։ Թուրքիան շատ է լարված։ Ադրբեջանը ձևեր է թափում․ դա՝ ձև է, դա՝ հնարք է՝ ցույց տալու, թե իբր իրենք կորուստներ ունեցան։ Դրանք միայն քաղաքական հնարքներ են», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Մյուս կողմից էլ հայկական կողմը թուլացրել է արտաքին աշխարհի հետ աշխատանքը՝ տարվելով ներքին խնդիրներով, ասում է Գրիգորյանը։
«Այո, ուշադրությունը շեղված է՝ ներքին լարվածությունը թուլացնելուն, կամ չեզոքացնելուն, աշխարհի հետ չեն աշխատում ու Ադրբեջանը հասկանում է, որ կարող է փոխել տրամադրությունները, կարող է ներկայացնել, թե իբր Հայաստանն է ագրեսոր։ Աշխարհում ֆիքսվեց, որ ագրեսիան սկսեց Ադրբեջանը, Ադրբեջանը Ղարաբաղի հարցը սկսեց լուծել ուժային մեթոդով, Ադրբեջանը ռմբակոծում էր բնակելի վայրեր Արցախում, փշրեց, քանդուքար արեց և այլն, դա կոչվում է էթնիկ զտում», - ընդգծեց Ստեփան Գրիգորյանը։
Ըստ քաղաքագետի, ինչպես պատերազմի սկզբում, այդպես էլ հիմա Հայաստանը պետք է ակտիվ աշխատի արտաքին աշխարհի հետ՝ ցույց տալու, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, որը հարձակվեց ոչ միայն Պաշտպանության բանակի, այլև խաղաղ բնակավայրերի վրա։
«Ես ուզում եմ զգուշացնել կառավարությանը՝ ինչքան էլ ծանր լինի ներսում պրոբլեմները, դու պետք է շարունակես էդ աշխատանքը, Ադրբեջանը պետք է ճանաչվի ագրեսոր, շանս կա, որ մի քանի երկրներ սանկցիա կկիրառեն։ Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի պարլամենտների որոշումները կարևորագույն մեխանիզմներ են, որոնց միջոցով մենք կարող ենք պայքարել այսօր աշխարհում արդարությունը վերականգնելու համար։ Տեսա՞ք իրենք ինչ են ասում, իրենք ասեում են՝ «չէ, չէ, չէ, մենք պետք է պաշտպանվենք Հայաստանից, Հայաստանն ագրեսիվ ա», մինչդեռ, չհասկացանք, ո՞վ է սկսել պատերազմը», - եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։