«Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնն այսօր և վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երկու համերգով եզրափակում է իր այս տարվա համերգաշրջանը՝ մեր երաժշտասերներին ներկայացնելով երկու անվանի երաժիշտների՝ Գերմանիայից ժամանած ջութակահար Իզաբել Ֆաուստի և Ռուսաստանից ժամանած դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովի կատարումները:
Ծրագրում Բեթհովենի, Բրամսի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններն են: Այսօր երեկոյան կայանալիք համերգը երախտագիտության համերգ է և կազմակերպված է բժիշկների համար, մուտքը հրավիրատոմսերով է:
«Ազատության» հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ»-ի հիմնադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց՝ փառատոնի վերջին երկու համերգները կկայանան համերգասրահներում՝ պահպանելով հակահամավարակային բոլոր միջոցները:
Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ անցնող բարդ տարում իրենք փորձել են անել հնարավոր ամեն բան՝ ունկնդրին բարձրամակարդակ երաժշտություն մատուցելու։
«Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ արդեն թույլտվությունը կա համերգներ անելու և կիսով չափ ծանրաբեռնվածությամբ մենք կարողացանք իսկապես ի շնորհիվ փառատոնի հեղինակության և այսքան տարվա հարգանքի, որ գործընկերների մեջ վայելում ենք, այս բարդ օրերում, այս կարճ ժամկետում միանգամից համաձայնեցին երկու աշխարհահռչակ երաժիշտներ ներկա լինել, իրենց փայլուն ծրագիրն այստեղ բերելով», - ասաց Հովհաննիսյանը։