Այսօր Գյումրի այցելած նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ։ Ամեն մեկից իմացավ, թե ով որտեղ է ծառայել և ինչ վիրավորում ստացել։ Հետաքրքրվեց նաև ապագա ծրագրերից։ Զինծառայողների հետ զրույցում մի քանի անգամ կրկնեց, որ պատերազմում զինվորը չի պարտվել:
«Երբեք ձեզանից որևէ մեկն իրեն պարտված թող չզգա ու այս կյանքում երբեք չկան վերջնական հաղթանակներ ու վերջնական պարտություններ: 26 տարի առաջ հաղթել էինք և ամեն օր արթնանում էինք՝ մտածելով, որ հաղթանակած ժողովուրդ ենք, քնում էինք՝ հաղթած մարդու հոգեբանությամբ: Հետո պարզվեց, որ ինչ-որ տեղ պարտվեցինք և շատ ծանր: Բայց պարտվել ենք ոչ ձեր մեղքով, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք: Չկա վերջնական պարտություն և դուք պարտված մարդիկ չեք, ձեր ոգին նույն տեղն է և այս ժողովուրդը չի պարտվել: Եկել եմ, որ ասեմ, որ ես իսկապես հավատում եմ, որ դուք պարտված չեք, այլ հաղթած եք, որովհետև այն փոքր հնարավորությունները, որ դուք ունեիք և ինչ-որ արեցիք, դա հաղթանակ է, դա ցույց տվեց, որ եթե դուք ուրիշ պայմաններ ունենայիք, ուրիշ զենք ունենայիք, հաստատ հաղթելու էիք: Ձեր կյանքը դեռ առջևում է», - նշեց նախագահը:
Արցախյան առաջին պատերազմից հետո պետք է պատրաստվեինք պատերազմին, ընդգծեց Արմեն Սարգսյանը, ասաց՝ զենք գնելու փոխարեն Սևանից Ստեփանակերտ ճանապարհ կառուցեցինք, հյուրանոցներ ու հիդրոկայաններ, որոնք թշնամուն մնացին, մտածելով, որ պատերազմ չի լինի:
«Ցավոք, պիտի ասեմ, որ մենք պատրվեցինք, որովհետև 26 տարի ունեինք, որ պիտի պատերազմի պատրաստվեինք, չգիտես ինչի հավատացել էինք, որ էլ պատերազմ չի լինելու, երբ որ թշնամին ամեն օր սահմանի այն կողմում պատրաստվում էր այդ պատերազմին և չէր թաքցնում դա», - ընդգծեց Արմեն Սարգսյանը:
Նախագահը կարծում է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի, ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Այս պահանջները մի քանի անգամ հրապարակային հնչեցրած Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել էր վարչապետ Փաշինյանի հետ, սակայն և՛ նախագահականի, և՛ կառավարության տարածած հաղորդագրություններից պարզ չդարձավ, արդյոք նախագահի առաջարկը քննարկվել է։ Այսօր էլ Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել այս մասին լրագրողների հարցերին, սակայն զինծառայողների հետ հանդիպմանը ասաց, որ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է Հայաստանի միասնականության մեջ:
«Երկիրը պետք է ավելի հզոր լինի, որ ոչ մեկի մտքով նույնիսկ չանցնի, որ նորից կործանի և այդ մենք կարող ենք անել, որովհետև ապագան լինելու այն պետությունների, անկախ իրենց չափից, թե խելք ունեն, որովհետև ապագա զենքերը լինելու են նաև մտավոր, ունենք սիրտ հոգի և ունենք կամք: Ինձ թվում է՝ բոլորն էլ ունենք, մի քիչ կազմակերպված լինենք, մի քիչ իրար ձեռք բռնենք, մի քիչ անջատվենք էդ հիմար բաների՝ հայհոյանքներից, հասկանանք, որ մեր երկրում չեն կարող լինել էս գույնի մարդիկ, էն գույնի, բոլորս մի գույնի ենք, կամ եթե ուզում եք գունավոր լինի, մի հատ բան կա՝ եռագույնը: Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին լինենք», - նշեց նախագահը:
Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Արմեն Սարգսյանը նախ հանդիպել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ: Ըստ նախագահի գրասենյակի՝ նրանք անդրադարձել են պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։
Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը ևս պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և 88-ի երկրաշարժի տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին չմասնակցեց երկրաշարժի զոհերի հիշատակի արարողությանը, որին մասնակցում էր նաև վարչապետը։ Նախագահը այսօր նաև դռնփակ հանդիպումներ է ունեցել Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզպետի հետ, հետո էլ տեղի մտավորականների: