Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ խմբակցություն)՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
Նախագծում ասված է, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն. «Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը:
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին նույն կայքում Նաիրա Զոհրաբյանը կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաեւ հետեւյալ հատվածը.
«Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։ Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու Ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։ ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը, Ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բոնի ուժով տանել կրթելու: Սա այլեւ ազգային անվտանգության լրջագույն հարց է։ Սա այլեւս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու Ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն է: կունենանք։ Մենք ժեխապետություն չենք ունենալու: Վստահ եղեք։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բազմիցս հրապարակային հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ», - ասված է «Իմ քայլի» նախագծում:
«Իմ քայլը» խմբակցությունը նախագծում նշել է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարտող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները: