«100-ամյա հայկական գրաֆիկա». այս խորագիրն է կրում վերջերս Գյումրիի «Սթիլ» գրաֆիկական թանգարանում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 150 հայ նկարիչների ավելի քան 400 աշխատանքներ: Այս ցուցադրությունն իր տեսակի մեջ մինչև այժմ ամենամեծն է Հայաստանում:
Ներկայացված են տարբեր սերունդների հայ նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում և արտասահմանյան 15 երկրում բնակվող ու ստեղծագործող հայ նկարիչների գրաֆիկական աշխատանքներ:
«Ազատության» հետ զրույցում թանգարանի հիմնադիր տնօրեն Արտուշ Մկրտչյանը նշեց. «Ամենամեծ ցուցադրությունն է երբևից ցուցահանդեսներից, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: 400 նկար է կախված մեր հինգ դահլիճում, բոլորը հայկական գրաֆիկա են, հարյուրամյա հայկական գրաֆիկա, որով մենք ուզում ենք փաստել գրաֆիկայի հայկական դպրոցն, իր առանձնահատկությունները»:
Մկրտչյանը նշեց, որ նաև ցանկանում են «երկխոսություն սկսել երիտասարդ ու դասական նկարիչների միջև»՝ հավելելով. «Այդ երկխոսությունն անպայման բառերով չպետք է լինի, այդ երկխոսությունն արդեն արվեստագետների մեջ կլինի: Դասական նկարիչների մեծամասնությունը չկան, բայց իրենց գործերը կախված են»:
Հավելենք նաև, որ ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, այն կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 1-ը: Իսկ արվեստասեր հասարակությունը ցուցադրությանը կարող է ծանոթանալ նաև առցանց՝ հետևելով «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ֆեյսբուքյան էջին: