«Բրեքզիթ»-ին՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի վերջնական հեռացմանը, մնացել է սոսկ մի քանի օր: Հունվարի 1-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2016 թվականի հանրաքվեով բրիտանացիների աննշան մեծամասնությամբ ընդունված որոշումը, և առևտրի հարցում պայմանագրի բացակայությունը բարդ խնդիրներ կստեղծեր Բրիտանիայի ու Եվրամիության 27 պետությունների միջև:
Այնուամենայնիվ, երեկ բանագնացները վերջապես համաձայնության եկան: Առանց պայմանագրի կողմերը ստիպված կլինեին ղեկավարվել «կոշտ «Բրեքզիթ»-ի կանոններով: Թե՛ Լոնդոնում և թե՛ Բրյուսելում նշում են, որ համաձայնությունը կատարյալ չէ, և կողմերն ունեն դժգոհելու առիթներ, բայց ավելի լավ է այս գործարքը, քան ապահարզան առանց որևէ պայմանագրի:
«Մենք վերջապես եկանք համաձայնության, սա երկար ու ոլորուն ճանապարհ էր, բայց մենք կարողացանք լավ գործարք կայացնել, սա արդար և հավասարակշռված գործարք է, ճիշտ և պատասխանատու բան, որը պետք է երկու կողմերն անեն»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Բրիտանիայի վարչապետը խոսել է Եվրոպայի հետ առանցքային կապերն ու արտոնյալ հարաբերությունները պահպանելու վճռականության մասին: «Թեպետ մենք հեռանում ենք Եվրոպական միությունից, մեր երկիրը մշակութային, զգացական, պատմական, ռազմավարական, երկրաբանական առումներով մնում է կապված Եվրոպայի հետ: Եվ դրանում, իհարկե, իրենց դերն են կատարում նաև Միացյալ Թագավորությունում վերջին չորս տարում բնակության թույլտվություն հայցած Եվրամիության 4 միլիոն քաղաքացիները, ովքեր մեծագույն ներդրում ունեն մեր երկրի զարգացման, մեր կյանքի հարստացման գործում»,- ասել է Բորիս Ջոնսոնը:
Վերջապես կարող է հանգստանալ Բրիտանիայի հետ «Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության ավագ բանագնաց, ֆրանսիացի Միշել Բարնիեն, ով 2016-ի բրիտանական հանրաքվեից հետո ստանձնել է Լոնդոնի հետ վեճերը կարգավորելու այդ առաքելությունը: Անցած տարիների ընթացքում նա տասնյակ անգամներ Բրյուսելից մեկնել է Լոնդոն, հանդիպել, համոզել, սպառնացել, պաղատել:
Նրա թիմից մի պաշտոնյա այս տարի վարակվել է կորոնավիրուսով, և Բարնիեն ստիպված ինքնամեկուսացվել է, սակայն կարանտինի ավարտից հետո վերսկսել է բանագնացի աշխատանքը: Նա չի թաքցնում, որ ավելի ճիշտ ու նպատակահարմար կլիներ, եթե Մեծ Բրիտանիան մնար Եվրոպական միության կազմում:
«Այսօր կարող ենք թեթևացած շունչ քաշել, բայց միևնույն է կա տխրություն, երբ մտածում ես, թե ինչ ունեինք անցյալում, և ինչ է մեզ սպասում ապագայում»,- ասել է Միշել Բարնիեն:
Վերլուծաբանների փոխանցմամբ, Լոնդոնի և Բրյուսելի գործարքը կողմերին կընձեռի առևտրի հարցում նոր պայմանագրեր կնքելու հնարավորություն: Բրիտանիան կշարունակի Եվրամիության հետ առևտուրն առանց սակագների և քվոտաների, բայց դա չի վերաբերի ծառայությունների ոլորտին, որը բրիտանական տնտեսության 80 տոկոսն է կազմում:
Բրիտանիայի և Եվրամիության միջև կսահմանվի մաքսային և սանիտարական հսկողության ծառայություն: Կսահմանվեն ձկնորսության քվոթաները, կկարգավորվեն տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի և անձի տվյալների պաշտպանության նորմերը, կստեղծվեն բրիտանական ու եվրոպական ընկերությունների մրցակցության հավասար պայմաններ:
Հունվարի 1-ին բրիտանացին Եվրամիությունում կզրկվի Եվրամիության հպատակին տրված արտոնություններից, սակայն կունենա առանց վիզայի մինչև կես տարի ժամկետով Եվրամիության տարածք այցելելու իրավունք:
Արտաքին ասպարեզում Բրիտանիան այլևս պարտավորված չի լինի հետևել Եվրամիության քաղաքականությանը և վերջապես Լոնդոնի համար թերևս ամենակարևոր դրույթներից մեկը՝ գործարքը երաշխավորում է ազատ տեղաշարժը Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության միջև: