Որոտանի գյուղապետը 1970-ականների քարտեզը կփոխանցի ադրբեջանական կողմին

Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքներում տասնյակ տներ, ըստ ադրբեջանական կողմի, պետք է փոխանցվեն իրենց, «Ազատության» հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Շուռնուխում երեկ ադրբեջանցիները տեղորոշման աշխատանքներ էին անում, փոխանցեց Գորիսի փոխքաղաքապետը։ Խոսքը գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհի ներքևի հատվածի մասին է։

«Շուռնուխում երեկ են ադրբեջանցիները եկել, տեղորոշման աշխատանքներ են արել շատ կարճ և հեռացել են Շուռնուխից: Ճանապարհի ներքևի հատվածում մենք ունենք 11 տուն և ամենավերջին տունը՝ 12-ը վիճահարույց է: Խոսքը 11 տան մասին է, որոնք որ բնակիչները պետք է լքեն», - նշեց Յոլյանը:

Նույն խնդիրն է նաև Որոտան գյուղում։ Քանի օր է, կողմերի միջև վեճ է գնում, թե ում պետք է անցնի գյուղի վերևի հատվածը։ «Որոտանում մենք արդեն մի քանի օր է՝ անընդհատ բարձրաձայնում ենք, ահազանգում ենք, որ թշնամիները պահանջում են նույնիսկ այն տունը, որը հայկական հողի վրա է կառուցվել, երբեք Ադրբեջանի տարածք չի եղել, բայց, ցավալիորեն, այսօր նաև տեսնում ենք, որ շատ մարդիկ պնդում են, որ այդ շենք-շինությունները և տունը կառուցված են թշնամու հողի վրա: Կան բոլոր ապացույցները, փաստաթղթերը, մենք այդ մասին անընդհատ խոսում ենք, ահազանգում ենք, որևէ արդյունք մինչև հիմա չենք կարողացել ունենալ», - ասաց փոխքաղաքապետը:

Կռվախնձոր դարձած տունը Որոտանի գյուղապետի եղբորն է։ Սուրեն Օհանջանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ քանի օր է երկհարկանի տուն չեն կարողանում մուտք գործել։ «Ինքը եթե շենք մտնում էլ է, պետք է թույլտվությունով լինի, մեր սահմանապահներին ասում ենք, մեր սահմանապահները ռուս սահմանապահներին են ասում, ռուսները՝ Ադրբեջանի սահմանապահներին, որ թույլատրեն ապրուստը գա վերցնի: Հիմա նեյտրալ է կոչվում էլի, էդ շենքը նեյտրալ է՝ ո՛չ ինձ, ո՛չ քեզ», - նշեց Օհանջանյանը:

Չնայած իրենց ձեռքի տակ կա 1970-ականների մի քարտեզ, որով այդ հատվածը Խորհրդային Հայաստանի մաս է, միևնույն է, դեռևս չեն կարողացել ադրբեջանցիներին համոզել, ասաց Որոտանի գյուղապետը։ «Հիմա թուրքերը եկել են, ասում են՝ մերն է էլի, ճշտումներ են գնում, քարտեզ ենք ճարել, դակումենտները ունենք, հիմա ճշտումներ են գնում, անորոշ վիճակ է: Էս քարտեզը ճարվել է արդեն 70-ական թվականների, որ էդ տարածքը Հայաստանի տարածքն է, իրենք 74 թվի քարտեզով նայում են, ասում են՝ 74 թվականի քարտեզով ադրբեջանական տարածք է, GPS-ով են տեսել», - նշեց Օհանջանյանը:

Ձեռքի տակ ունեցած քարտեզը մտադիր են ռուս սահմանապահների միջոցով փոխանցել ադրբեջանական կողմին։ Գյուղապետն ասաց, որ միայն եղբոր տունը չէ, որ, փաստորեն, հայտնվել է վիճելի տարածքում, մոտ մեկ տասնյակ այլ շինություններ էլ կան. «Արդեն բարձրանում ես վերևը, եթե իմ եղբոր տունն էլ է ընկնում իրենց տարածքը, ոնց որ իրենք են ասում, վերևն այգեգործական ընկերություն կա, մարդիկ շուտվանից տներ են սարքել, 10-ն է, 11-ն է չեմ կարող ասել, չեմ հաշվել, եթե ընկնում է, դրանք էլ են ընկնում էդ տարածքի մեջ»:

Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Ղարաբաղին հարակից բոլոր յոթ շրջանները, Սյունիքի տասնյակ բնակավայրեր սահմանամերձ դարձան, ինչը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց մարզում, մարդիկ, որոնք ասում էին, որ հայտնվել են անմիջապես թշնամու թիրախում, անվտանգության երաշխիքներ են պահանջում իշխանություններից։

Երեկ Սյունիքում ընթացող գործընթացին կառավարության նիստում անդրադարձավ վարչապետը՝ պնդելով, որ սահմանամերձ դարձած մարզում այս պահին տեղորոշման աշխատանքներ են իրականացվում, իսկ դա դեռևս սահմանազատում, այսինքն Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների գծումը չէ։ Փաշինյանը ընդունեց, որ խնդիրներ կարող են ծագել Որոտանի և Շուռնուխի հատվածում։

Սահմանամերձ դարձած Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որն այսօր խորհրդարանում մասնակցում էր սահմանների վերաբերյալ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի հրավիրած աշխատանքային քննարկմանը, ասում է՝ այժմ ընթանում են դիրքերի տեղորոշման աշխատանքներ։ Նա մեղադրանքներ հնչեցրեց կառավարության հասցեին՝ սահմանի ճշգրտման աշխատանքներին իրենց չներգրավելու, ինչպես նաև իրենց չաջակցելու համար։ Ասաց, որ այս ընթացքում բացի Պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից, տեղի բնակչությանը ոչ ոք պարզաբանումներ չի տվել։ Գևորգ Փարսյանն ահազանգեց՝ Կապան-Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

«Մենք ստիպված ենք օգտագործել այլընտրանքային ճանապարհը, որը գտնվում է շատ անմխիթար վիճակում, հիմնանորոգման կարիք ունի և ճանապարհահատվածի այդ կտորից մի քանի անգամ արդեն երկար է ստացվում», - նշեց Փարսյանը:

Իսկ ահա աշխատանքային քննարկման ժամանակ Կապանի քաղաքապետը հայտնեց, որ ադրբեջանական ուժերը Սյունիքի բնակավայրերից 100 մետր հեռավորության վրա են գտնվում։ Փարսյանը պատմեց, որ պատերազմի օրերին դիրքավորվել էին Սյունիքի բնակավայրերից հեռու՝ իրենց համար շահեկան բնագծերով։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իրենց հրահանգել են թողնել այդ դիրքերն ու հետ վերադառնալ Հայաստան այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության մեջ հստակ նշվում է՝ զորքերը մնում են այն դիրքերում, որտեղ և եղել են։