Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Գյումրի։ Նա նախ հանդիպում ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։
Այնուհետև նախագահը հանդիպեց ղարաբաղյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին, լսեց նրանց խնդիրները։
«Գիտեմ շատ բան կորցրել եք, բայց ինչ-որ մի բան էլ գտել եք՝ ընկեր եք գտել, գտել եք ձեր ոգին, որ պինդ եք, կարող եք աշխարհի ամենամեծ դժվարությունը հաղթահարել։ Հիմա ծնկի վրա ենք, բայց դա չի նշանակում, որ չենք կարողանալու իրար ձեռք բռնած ոտքի կանգնել։ Ձեր ապագա հաղթանակները ձեզ հետ են լինելու, չկասկածեք։ Ու դուք պիտի, ապրեք, աշխատեք, սովորեք», - ասաց Արմեն Սարգսյանը։
Անդրադառնալով երկում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշեց․ - «Էս երկիրը պետք է ավելի հզոր լինի, որ ոչ մեկի մտքով չանցնի, որ նորից փորձ անի, և էդ մենք կարող ենք անել։ Ապագան լինելու է այն պետություններին, անկախ իրենց չափից, եթե խելք ունեն, որովհետև ապագա զենքերը լինելու են նաև մտավոր, ունեն սիրտ ու հոգի և ունեն կամք։ Ինձ թվում է բոլորն էլ ունենք, մի քիչ կազմակերպված լինենք, մի քիչ իրար ձեռք բռնենք, մի քիչ անջատվենք էդ հիմար հայհոյանքներից, իրար վրա կեղտ լցնելուց, հասկանանք, որ մեր երկրում չեն կարող լինել էս գույնի մարդիկ, էն գույնի մարդիկ, բոլորս մի գույնի ենք, կամ եթե ուզում եք գունավոր լինի՝ եռագույն ենք բոլորս։ Էս վիճակից կարող ենք դուրս գալ բոլորս միասին»։
Նախագահը լրագրողների հարցերին չպատասխանեց։ Այժմ փակ հանդիպում է ունենում մտավորականների հետ։
Մանրամասները՝ քիչ անց