«Սիրելի բանաստեղծի մահը մեծ կորուստ է»․ վախճանվել է ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանը

Կալիֆորնիայում, 86 տարեկան հասակում վախճանվել է ամերիկահայ գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանը։

Մեր սիրելի բանաստեղծի մահը մեծ կորուստ է, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ցավակցություն հայտնելով ամերիկահայ գրողի հարազատներին, ընտանիքի անդամներին ու գրասերներին։

«Ցավալի լուր ստացանք Միացյալ Նահանգներից․ վախճանվել է մեր սիրելի բանաստեղծ, մեր Գրողների միության անդամ Գևորգ Քրիստինյանը։ Վշտակցում ենք հարազատներին։ Նա շատ լիրիկ բանաստեղծ էր։ Ես ճանաչել եմ նրան Հայաստանից` «Գարուն» ամսագրում ենք հրատարակել նրա բանաստեղծությունները, նրա գրքերն են հրատարակվել։ Գնալով Ամերիկա շատ մեծ դեր է խաղացել մեր գրական բաժանմունքի, հատկապես Լոս Անջելեսի մեր գրողների բաժանմունքի կյանքում։ Մեծ կորուստ է, ցավակցում եմ մեր գրասերներին, Լոս Անջելեսի մեր հայ գրասերներին և նրա ընտանիքին», - ասաց Միլիտոնյանը։

Միացյալ Նահանգներում լայն ճանաչում վայելող գրող, գրաքննադատն ավելի քան 30 տարի ապրել ու ստեղծագործել է Կալիֆորնիայում, եղել է Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահը։

Գևորգ Քրիստինյանի մահը ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը ևս ծանր կորուստ է համարում։ Էությամբ հայ մարդ էր՝ օտարության մեջ հայրենիքի կարոտով ապրող, ասաց Մուրադյանն՝ ընդգծելով՝ հետաքրքիր անհատականություն էր։

«Ես նրան քիչ եմ հանդիպել Հայաստանում, բայց երկու անգամ Ամերիկայում եմ հանդիպել, որովհետև իմ հրապարակային բանախոսություններին ներկա է եղել՝ եկել էր ինձ շնորհավորելու։ Մտերմիկ մարդ էր նա, ուներ շատ հետաքրքիր մտածողություն։ Հայաստանում եղած ժամանակ նա երկար տարիներ աշխատել է որպես հրատարակչության խմբագիր, հետո գնացել է «Հայֆիլմ» կինոստուդիա, մոտ 40 վավերագրական կինոնկարներ է ստեղծել, տասնյակ գրքեր է հրատարակել՝ բանաստեղծությունների ժողովածուներ, քննադատական հոդվածների ժողովածուներ և այսօր նրա բացակայությունը նրան իսկապես ճանաչողներին մեծ ցավ է պատճառում։ Ափսոս, ցավակցում ենք նրա բոլոր հարազատներին», - ասաց Մուրադյանը՝ շարունակելով՝ նա գրական մտավորական էր, որի պակասությունն այսօր զգում են։

«Ինքներս մեզ ենք ցավակցում, որովհետև այդ տեսակ արդարամիտ գրական մտավորականները քիչ են ոչ միայն Հայաստանում, այլև նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և հիմա նրա կորուստն իսկապես բոլորիս ծանր մտահոգությունների մեջ է գցում։ Ափսոսում ենք նրա պես հասունացած գրական մտավորականի կորուստը», - ասաց Սամվել Մուրադյանը․ - «Մի մխիթարություն ունենք՝ Գևորգ Քրիստինյանն իր հետմահու կյանքն ապահովել է իր հրատարակած գրքերով, նկարած կինոնկարներով, որոնք սերունդների հիշողության մեջ միշտ պայծառ կպահեն նրա անունն ու հիշատակը»։

Մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը Քրիստինյանը եղել է «Հայպետհրատ»-ի խմբագիր, աշխատել է նաև «Հայֆիլմ»-ում որպես գլխավոր խմբագիր։ Ստեղծել է քառասուն վավերագրական շարժապատկերների գրական նյութ։

Հայ մեծերից Հովհաննես Շիրազը նրան գրական ասպարեզում «նոր հայտնություն» է համարել։

Համահայկական գրողների միությունը 2018-ին գրողի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ հանդես եկավ։ Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Շիրակի մարզի Արևիկ գյուղից և շարունակվեց Հայաստանով մեկ: