Թուրքիայի արտգործնախարարը Լավրովի հրավերով հաջորդ շաբաթ կայցելի Սոչի

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները

Թուրքիայի արտգործնախարարը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հրավերով հաջորդ շաբաթ կայցելի Սոչի, այսօր հայտնել է Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Այցը նախատեսված է դեկտեմբերի 29-ին, օրակարգում է տարածաշրջանային ու միջազգային խնդիրների ընդարձակ շրջանակ»,-ասել է Զախարովան, մանրամասնելով,- «նախատեսվում է մանրազնին քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Շեշտը դրվելու է հնարավոր ռազմական ընդհարումների վտանգը նվազագույնի հասցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործարկմանը վերաբերող հարցեր»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե կենտրոնը տեղակայվելու է վերջին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Աղդամ քաղաքում։ Կողմերը, սակայն, դեռ չեն հստակեցրել՝ կոնկրետ որքան են լինելու այնտեղ թուրք զինվորականները,և ինչ գործառույթներ են ունենալու։