Կովկասյան պլատֆորմ․ ոգևորություն և թերահավատություն

Կովկասյան պլատֆորմի մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին խոսել է վրացի դիվանագետների հետ տարեկան հանդիպմանը։

«Այս տարվա մարտահրավերներից մեկը մեր տարածաշրջանում տեղի ունեցած հակամարտությունն էր։ Շատ մեծ մարտահրավեր էր։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել խաղաղության վերականգնումը, ինչը մեզ համար, մեր հարևանների, բոլոր երեք երկրների համար կենսական կարևոր է։ Այդ խաղաղությունից և կայունությունից է կախված տարածաշրջանի բարեկեցությունն ու զարգացումը», - ասել է Զուրաբիշվիլին, ըստ էության, դժգոհելով, որ ղարաբաղյան պատերազմում հրադադարի հասնելու գործընթացքում Վրաստանը ներգրավվածություն չունեցավ:

«Մենք գիտեք, որ բոլորը ներգրավված էին այդ նպատակին հասնելու գործընթացում, բոլորը, բացի մեզանից, ցավոք, չնայած բոլոր ժողովուրդներին միասին հավաքելը կար և կա Վրաստանի պատմական դերը։ Ես խորապես համոզված եմ, որ կովկասյան պլատֆորմի առնչությամբ մենք չենք կարող մի կողմ քաշվել ու պասիվ լինել։ Հուսով եմ 2021-ը այդ տեսանկյունից կդառնա մեր վերածննդի տարին», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Կովկասյան պլատֆորմի Վրաստանի նախագահի ոգևորությունը փորձագիտական մակարդակում ոչ բոլորն են կիսում: Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Յան Կելլին նշել է․ «Այդ խաղաղության վերադարձը իրականացվեց ռուսական զորքով։ Ինչո՞ւ է Վրաստանի նախագահը ցանկանում առաջ մղել այդ կովկասյան պլատֆոմը, եթե դա նշանակում է Ռուսաստանին և Իրանին ձայնի իրավունք տալ ձեր տարածաշրջանն գործերում»։

Վրաստանի փորձագետների մի մասը գտնում է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը գերիշխող դիրք կգրավեն, մի մասի կարծիքով՝ համագործակցության պլատֆորմը կարող է ավելի լայն լինել։ Մասնավորապես՝ ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամի փորձագետ Կախա Գոգոլաշվիլին ասել, թե Վրաստանը ոչ մի դեպքում չպետք է համաձայնվի նման ձևաչափեից Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը հեռու պահելու գաղափարներին։ Նա ասել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են ընդունակ աշխարհաքաղաքական նման խաղերում պաշտպանելու փոքր խաղացողների շահերը։ Գոգոլաշվիլին նաև հարցականի տակ է դրել, թե ինչպես է հնարավոր նույն հարթակում լինել Ռուսաստանի հետ, որը օկուպացրել է Վրաստանի տարածքները։

Քաղաքագետ Գեորգի Բադրիձեն կովկասյան պլատֆորմի խոչընդոտներից է համարել նաև Լեռնային Ղարաբաղի գործոնը։ «Բայց դեռ մի գործոն էլ կա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները դեռևս կարգավորված չեն։ Ամբողջ տարածաշրջանի համար օգտակար կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն փոխըմբռնման ու համապարփակ համաձայնագրի։ Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել տարածաշրջանային հարցեում առաջընթացի մասին»,- ընդգծել է վրացի քաղաքագետը։

Քաղաքագետ Զուրաբ Բատիաշվիլին հիշեցրել է, որ կովկասյան պլատֆորմի նախաձեռնությունը Թուրքիան ցուցաբերել է դեռ 2008 թվականին։ Մի քանի հանդիպումներ են անցկացվել, 2009-ին այդ գաղափարը քննարկվել է Հելսինկիում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը։ Քննարկվել են նպատակը, սկզբունքները, մեխանիզմները, սակայն քննարկումից բացի այլ բան տեղի չի ունեցել։

«Վրաստանի ու Ռուսաստանի դիմակայությունից բացի, դիվանագիտական հարաբերություններ չկան Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Պատերազմի վերքերը դեռ չեն բուժվել։ Նման ֆորմատի ստեղծումը Ռուսաստանի համար կնշանակի Կովկասում կիսել իր ազդեցությունը, բայց Մոսկվան Կովկասը համարում է իր ազդեցության բացառիկ գոտի» - նշել է նա:

Բատիաշվիլին հակադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հավաստմանը, թե Վլադիմիր Պուտինը դրական է վերաբերում Կովկասում համագործակցության վեցի պլատֆորմ ձևավորելու իր առաջարկին: Այդ կապակցությամբ վրացի քաղաքագետը նշել է. «Դա կարող է վկայել այն մասին, որ Մոսկվան ու Անկարան պատրաստ են ևս մեկ խաղ խաղալ աշխարհաքաղաքական պոկերում, որտեղ Թբիլիսիին, Երևանին ու Բաքվին, հնարավոր է նաև Թեհրանին ստատիստների դեր է վերապահված։